ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ
ՊԱԼԱՏԻՆ ԿԻՑ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ»
ՀԻՄՆԱՐԿԻ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ), Երևան 2023

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՆ ԿԻՑ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

1.1 «Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատին (այսուհետ՝ ՀՀ ԱԱՊ) կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն» հիմնարկը (այսուհետ՝ Արբիտրաժային հաստատություն) ՀՀ ԱԱՊ-ի կողմից ստեղծված վեճերի լուծմանը նպաստող մարմին է՝ հիմնարկի կարգավիճակով։

1.2 Արբիտրաժային հաստատությունն իր գործունեությունն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կանոնադրության և ՀՀ ԱԱՊ Նախագահության կողմից հաստատվող կանոնակարգերի հիման վրա։

1.3 Արբիտրաժային հաստատությունն իրավաբանական անձ չէ, այն ՀՀ ԱԱՊ-ի անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ

1.4 Արբիտրաժային հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

1.5 Արբիտրաժային հաստատության անվանումն է.

հայերեն «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն» հիմնարկ ՀՀ ԱԱՊ կից արբիտրաժային հաստատություն
ռուսերեն Постоянно действующее арбитражное учреждение при Торгово-промышленной палате Республики Армения Арбитражное учреждение при ТПП РА
անգլերեն Arbitration Institution at the Chamber of Commerce and Industry of the Republic of Armenia Arbitration Institution at the CCI RA

1.6 Արբիտրաժային հաստատության գտնվելու վայրն է.
Հասցե` ՀՀ, ք. Երևան 0010, Խանջյան 11։
Հեռախոս` (+37410) 53 26 34
Ֆաքս` (+37410) 53 26 54
էլ փոստ` info@arbitrage.am

2. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

2.1 Արբիտրաժային հաստատությունը ստեղծված է համարվում ՀՀ ԱԱՊ Նախագահության կողմից սույն կանոնադրության հաստատման պահից և ենթակա է հաշվառման օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

3.1 Արբիտրաժային հաստատությունը ՀՀ օրենքներով և սույն կանոնադրությամբ ու իր կանոնակարգով սահմանված խնդիրների լուծման համար տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված գույքը։

3.2 Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով Արբիտրաժային հաստատության գործունեությունից առաջացած դրամական միջոցները առաջնա-հերթության կարգով ուղղվում են արբիտրների հոնորարների, վարչական ծախսերի և կանոնակարգով սահմանված Արբիտրաժային հաստատության այլ ծախսերի վճարմանը։ Մնացած գումարը սահմանված կարգով ուղղվում է ՀՀ ԱԱՊ կանոնադրական նպատակների իրականացմանը։

4. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

4.1 Արբիտրաժային հաստատության ընդհանուր կառավարումը, որպես հիմնադիր, իրականացնում է ՀՀ ԱԱՊ-ն՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով։

4.2 Արբիտրաժային հաստատության կառավարմանը վերաբերող բոլոր իրավասությունները ՀՀ ԱԱՊ-ի անունից իրականացնում է ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը՝ համաձայն «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրության։

4.3 ՀՀ ԱԱՊ-ի նախագահության իրավասության հարցերն են՝

4.3.1 Արբիտրաժային հաստատության կանոնադրության հաստատումը, կանոնադրությունը փոփոխելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը,

4.3.2. Արբիտրաժային հաստատության կանոնակարգի հաստատումը, կանոնակարգը փոփոխելը, ինչպես նաև կանոնակարգը նոր խմբագրությամբ հաստատելը

4.3.3. Արբիտրաժային հաստատության նախագահի նշանակումը,

4.3.4. Արբիտրաժային հաստատության նախագահի տեղակալի և Արբիտրաժային հաստատության քարտուղարի նշանակումը Արբիտրաժային հաստատության նախագահի ներկայացմամբ,

4.3.5. Արբիտրաժային ծախսերի չափը, արբիտրների հոնորարների չափը հաստատելը,

4.3.6. Արբիտրաժային հաստատության գործունեության դադարեցումը,

4.3.7 ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

4.4 Արբիտրաժային հաստատության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Արբիտրաժային հաստատության նախագահը, բացառությամբ այն հարցերի, որոնք Օրենքով և սույն կանոնադրությամբ վերապահված են ՀՀ ԱԱՊ-ի իրավասությանը։ Արբիտրաժային հաստատության նախագահի լիազորությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և Արբիտրաժային հաստատության կանոնակարգով։

4.5 Արբիտրաժային հաստատության նախագահի  լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ՀՀ ԱԱՊ-ի նախագահության կողմից։

4.6 ՀՀ ԱԱՊ-ի նախագահի իրավասության հարցերն են՝

4.6.1. Արբիտրաժային հաստատությանն ամրակցվող գույքի կազմը և չափը որոշելը։

4.7 Արբիտրաժային հաստատության նախագահը՝

4.7.1 կազմակերպում է Արբիտրաժային հաստատության ընթացիկ գործունեությունը.

4.7.2 առանց լիազորագրի ներկայացնում է Արբիտրաժային հաստատությանը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում, տալիս է լիազորագրեր Արբիտրաժային հաստատության անունից հանդես գալու համար.

4.7.3 կազմակերպում է արբիտրաժային դատավարության դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, Արբիտրաժային հաստատությունում քննված գործերի վիճակագրության վարումը.

4.7.4 ապահովում է Արբիտրաժային հաստատության բնականոն գործունեության կազմակերպումը.

4.7.5 Արբիտրաժային հաստատության անունից իրականացնում է կանոնակարգով Արբիտրաժային հաստատությանը վերապահված գործառույթները,

4.7.6 կատարում է աշխատանքի բաշխում Արբիտրաժային հաստատության աշխատակիցների միջև,

4.7.7 հաստատում է Արբիտրաժային հաստատության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը,

4.7.8 հաստատում է Արբիտրաժային հաստատության վարչակազմակերպական կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև Արբիտրաժային հաստատության աշխատակիցների վարձատրության և պարգևատրումների չափը,

4.7.9 Արբիտրաժային հաստատության քարտուղարի կողմից որոշակի գործով կամ որոշակի ժամանակահատվածում իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նշանակում է Արբիտրաժային հաստատության քարտուղարի պաշտոնակատար,

4.7.10 հաստատում է Արբիտրաժային հաստատության արբիտրների կազմը՝ անվանացուցակը,

4.7.11 իրականացնում է Օրենքով, սույն կանոնադրությամբ եվ դատարանի կանոնակարգից բխող այլ լիազորություններ։

4.8 Արբիտրաժային հաստատության նախագահն ունի տեղակալ։

4.9 Արբիտրաժային հաստատության նախագահի տեղակալի գործունեության շրջանակները սահմանվում են Արբիտրաժային հաստատության նախագահի կողմից։ Արբիտրաժային հաստատության նախագահի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Արբիտրաժային հաստատության նախագահի տեղակալը՝ Արբիտրաժային հաստատության նախագահի նշանակմամբ։

4.10 Արբիտրաժային հաստատության նախագահն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր հակաօրինական գործունեության արդյունքում ՀՀ ԱԱՊ-ին պատճառված գույքային վնասի համար։ Արբիտրաժային հաստատության նախագահի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտավորությունները չկատարելու համար։

5. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

5.1. Արբիտրաժային հաստատության գործունեությունը դարարում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև՝ համաձայն սույն կանոնադրության։

5.2. Արբիտրաժային հաստատության գործունեությունը համարվում է դադարած՝ այդ մասին ՀՀ ԱԱՊ-ի նախագահության որոշումն ուժի մեջ մտնելու պահից։