Ներածական դրույթներ

Արբիտրաժային վարույթի սկիզբը

Անձանց բազմաթվությունը և գործերի միացումը

Ապահովման միջոցներ

Արբիտրաժային տրիբունալը

Արբիտրաժային վարույթը

Արբիտրաժային տրիբունալի որոշումները

Ծախսերը

Ներածական դրույթներ

Հոդված 1. Ընդհանուր դրույթներ

  1. «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային հաստատություն» հիմնարկը (այսուհետ` Արբիտրաժային հաստատություն) ինքնուրույն, մշտապես գործող, հիմնարկի կարգավիճակով ստեղծված արբիտրաժային հաստատություն է, որը գործում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին (այսուհետ՝ Օրենք) և սույն կանոնակարգին (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) համապատասխան:
  2. Արբիտրաժային հաստատությունը չի լուծում վեճեր: Նրա գործունեության նպատակները ներառում են, մասնավորապես`
    1. կազմակերպել և նպաստել արբիտրաժային տրիբունալների կողմից վեճերը Կանոնակարգին համապատասխան լուծելուն:
    2. տեղեկություն տրամադրել արբիտրաժի անցկացման և կիրառելի ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ

Հոդված 2. Սահմանումներ

Կանոնակարգում՝

արբիտրաժային տրիբունալը ներառում է մեկ կամ մի քանի արբիտրների,

Քարտուղարություն նշանակում է Արբիտրաժային հաստատության քարտուղարությունը

հայցվոր նշանակում է մեկ կամ մի քանի հայցվորներ,

պատասխանող նշանակում է մեկ կամ մի քանի պատասխանողներ,

երրորդ անձ նշանակում է մեկ կամ մի քանի երրորդ անձ,

կողմ կամ կողմեր նշանակում է հայցվորը, պատասխանողը, լրացուցիչ ներգրավված կողմը,

պահանջ կամ պահանջներ նշանակում է մի կողմից մյուսին ներկայացված որևէ պահանջ,

արբիտրաժային վճիռը ներառում է միջանկյալ կամ վերջնական արբիտրաժային վճիռը:

Հոդված 3. Ծանուցումներ

  1. Կողմի ուղարկած բոլոր փաստաթղթերը և այլ գրավոր հաղորդակցությունը, ինչպես նաև դրանց կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն օրինակների այնպիսի քանակով, որը բավարար կլինի յուրաքանչյուր Կողմին, ինչպես նաև յուրաքանչյուր արբիտրին և Քարտուղարությանը մեկական օրինակ տրամադրելու համար։
  2. Կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում, գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ կամ էլեկտրոնային փոստով, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով։

Հոդված 4. Ժամկետներ

  1. Կանոնակարգով, Քարտուղարության, Արբիտրաժային հաստատության կամ արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ժամկետներն սկսում են հաշվարկվել այն ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
  2. Ոչ աշխատանքային օրերը հաշվարկվում են ժամկետների մեջ: Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
  3. Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

Հոդված 5. Ներկայացուցչություն

Յուրաքանչյուր Կողմ կարող է ներկայացված լինել կամ աջակցություն ստանալ իր ընտրած անձի կողմից։ Այդ անձի անունը և հասցեն պետք է տրամադրվի բոլոր կողմերին և արբիտրաժային տրիբունալին՝ միաժամանակ նշելով՝ այն հանդիսանում է ներկայացուցիչ, թե աջակցություն ցուցաբերող անձ։ Այն դեպքում, երբ անձը նշանակված է որպես ներկայացուցիչ, արբիտրաժային տրիբունալն իր նախաձեռնությամբ կամ կողմերից որևէ մեկի պահանջով կարող է այդ անձին՝ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված ձևով լիազորությունների տրամադրման ապացույց պահանջել։

Արբիտրաժային վարույթի սկիզբը

Հոդված 6. Արբիտրաժ իրականացնելու պահանջը

  1. Կողմը, որը ցանկանում է Կանոնակարգի հիման վրա արբիտրաժային վարույթ սկսել, պետք է հայցադիմում ներկայացնի Քարտուղարություն։ Քարտուղարությունը պարտավոր է հայցվորին և պատասխանողին ծանուցել հայցադիմումի և դրա ստացման տարեթվի և ամսաթվի մասին։
  2. Արբիտրաժային վարույթը համարվում է սկսված` հայցադիմումը Քարտուղարությանը հանձնելու մասին ծանուցումը պատասխանողի կողմից ստանալու օրը։
  3. Հայցադիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը՝
    1. կողմերից յուրաքանչյուրի լրիվ անունը (անվանումը), հասցեները և այլ կոնտակտային տվյալները,
    2. հայցվորի ներկայացուցչի լրիվ անունը, հասցեն և այլ կոնտակտային տվյալները կամ դրանց նկարագրությունը,
    3. վեճի բնույթի և հանգամանքների նկարագրությունը, որից բխում է հայցը, և հայցի հիմնավորումը,
    4. ներկայացվող պահանջը, միաժամանակ հայցի չափի, իսկ հնարավորության դեպքում նաև՝ հայցագնի հաշվարկի նշումով,
    5. որևէ վերաբերելի համաձայնագիր և, մասնավորապես, արբիտրաժային համաձայնությունը,
    6. պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին պետք է կցվի նաև համապատասխան պայմանագրի նախագիծը,
    7. եթե հայցապահանջները ներկայացված են մեկից ավելի արբիտրաժային համաձայնության հիման վրա, ապա պետք է նշվի արբիտրաժային համաձայնությունը, որի հիման վրա ներկայացված է համապատասխան հայցապահանջը,
    8. Կանոնակարգի 14-րդ հոդվածի համաձայն՝ արբիտրների ընտրությանը, քանակին և նշանակմանը վերաբերող բոլոր մանրամասները, նկատառումները և առաջարկները,
    9. արբիտրաժի իրականացման վայրի, կիրառելի կանոնակարգերի և արբիտրաժի լեզվի վերաբերյալ բոլոր մանրամասները, նկատառումները և առաջարկները։
      Հայցվորը կարող է հայցադիմումի հետ ուղարկել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։
  4. Հայցադիմումի հետ միաժամանակ հայցվորը պետք է՝
    1. ներկայացնի դրա օրինակները Կանոնակարգի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քանակով,
    2. կատարի հայցադիմումի ներկայացման համար դրա ներկայացման օրվա դրությամբ «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով սահմանված վճարը։
  5. Այն դեպքում, երբ հայցվորը չի պահպանում վերը նշված պահանջներից որևէ մեկը, Քարտուղարությունը կարող է սահմանել ժամկետ այդ թերությունների վերացման համար, որի խախտման դեպքում գործը կհամարվի ավարտված, ինչը, սակայն, չի սահմանափակի հայցվորի՝ հայցը հետագայում ներկայացնելու իրավունքը։
  6. Հայցադիմումը և կից փաստաթղթերն ահրաժեշտ քանակով և այն ներկայացնելու վճարն ստանալուց հետո Քարտուղարությունը դրանք փոխանցում է պատասխանողին՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար։

Հոդված 7. Հայցադիմումի պատասխանը, հակընդդեմ հայցը և հայցի առարկան և հիմքը փոփոխելը

  1. Քարտուղարությունից հայցադիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում պատասխանողը պետք է ուղարկի պատասխան, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը՝
    1. իր լրիվ անունը (անվանումը), հասցեն և այլ կոնտակտային տվյալները,
    2. պատասխանողին արբիտրաժում ներկայացնող անձի լրիվ անունը (անվանումը), հասցեն և այլ կոնտակտային տվյալները,
    3. վեճի բնույթի և հանգամանքների նկարագրության և հայցի հիմնավորման վերաբերյալ իր փաստարկները,
    4. պահանջի վերաբերյալ իր պատասխանը,
    5. Կանոնակարգի 14-րդ հոդվածի համաձայն՝ արբիտրների ընտրությանը, քանակին և նշանակմանը վերաբերող նկատառումները և առաջարկները,
    6. արբիտրաժի իրականացման վայրի, կիրառելի կանոնակարգերի և արբիտրաժի լեզվի վերաբերյալ նկատառումները և առաջարկները։ Պատասխանողը կարող է պատասխանի հետ ուղարկել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։
  2. Քարտուղարությունը կարող է պատասխանողին լրացուցիչ ժամկետ տրամադրել պատասխան ներկայացնելու համար, պայմանով, որ նման երկարաձգման համար պատասխանողի ներկայացրած դիմումը պարունակի արբիտրների քանակի կամ ընտրության, իսկ Կանոնակարգի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ արբիտրների նշանակման վերաբերյալ նկատառումներ կամ առաջարկներ։
  3. Պատասխանը պետք է տրամադրվի Քարտուղարությանը Կանոնակարգի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրինակների քանակով։
  4. Քարտուղարությունը պետք է պատասխանը և կից փաստաթղթերն ուղարկի բոլոր կողմերին։
  5. Պատասխանողի կողմից ներկայացվող ցանկացած հակընդդեմ հայց պետք է ներկայացվի պատասխանի հետ միաժամանակ։
  6. Հակընդդեմ հայցադիմումը պետք է ներկայացվի հայցադիմումի ներկայացման համար Կանոնակարգով սահմանված կարգով:
  7. Հայցվորը պետք է Քարտուղարության կողմից ուղարկված հակընդդեմ հայցն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ներկայացնի հակընդդեմ հայցի իր պատասխանը։
  8. Հակընդդեմ հայցադիմումի պատասխանը պետք է ներկայացվի պատասխանի ներկայացման համար Կանոնակարգով սահմանված կարգով:

Հոդված 8. Արբիտրաժային համաձայնության գործողությունը

  1. Եթե կողմերը պայմանավորվել են, որ վեճը պետք է քննվի Կանոնակարգին համապատասխան, ապա համարվում է, որ նրանք ipso facto ընտրել են Կանոնակարգի` արբիտրաժային վարույթը սկսվելու պահին գործող խմբագրությունը, բացառությամբ այն դեպքի, երբ կողմերը հատուկ պայմանավորվել են կիրառել Կանոնակարգի` արբիտրաժային համաձայնության կնքման պահին գործող խմբագրությունը:
  2. Պայմանավորվելով, որ վեճը պետք է քննվի Կանոնակարգին համապատասխան՝ կողմերն ընդունում են, որ նման արբիտրաժային վարույթը պետք է կազմակերպվի Արբիտրաժային հաստատության կողմից, անգամ եթե արբիտրաժային համաձայնությունը հստակ չի սահմանում, որ վեճերի քննությունը հանձնվում է Արբիտրաժային հաստատությանը:
  3. Պայմանավորվելով, որ վեճի քննությունը պետք է կազմակերպվի Արբիտրաժային հաստատության կողմից՝ կողմերն ընդունում են, որ.
    1. նման վեճը պետք է քննվի Կանոնակարգին համապատասխան, անգամ եթե արբիտրաժային համաձայնությունը չի սահմանում, որ վեճերի քննությունը պետք է իրականացվի Կանոնակարգին համապատասխան,
    2. նման վեճը քննող արբիտրաժային տրիբունալը պետք է ձևավորվի բացառապես Արբիտրաժային հաստատության արբիտրների ցանկում ընդգրկված արբիտրներից,
    3. նման վեճը պետք է լուծվի Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն, եթե արբիտրաժային համաձայնությամբ վեճի լուծման նկատմամբ կիրառելի իրավունքը որոշված չէ:
  4. Այն դեպքերում, երբ Կանոնակարգին համապատասխան որևէ հարցի լուծում վերապահված է Արբիտրաժային հաստատությանը, ապա համարվում է, որ կողմերն իրենց անունից համապատասխան հարցի լուծումը լիազորել են Արբիտրաժային հաստատությանը, իսկ Արբիտրաժային հաստատության ընդունած որոշումը համարվում է նաև տվյալ հարցի վերաբերյալ կողմերի համաձայնություն:

Հոդված 9. Արբիտրաժային համաձայնության վավերականությունը։ Իրավասությունը

  1. Արբիտրաժային տրիբունալն իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել և որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը պայմանագրի բաղկացուցիչ մասն է, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագիրն անվավեր լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության:
  2. Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել ոչ ուշ, քան մինչև հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելը: Կողմի` արբիտր նշանակելու կամ արբիտրի նշանակմանը մասնակցելու հանգամանքը նրան չի զրկում այդպիսի հայտարարություն անելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը գերազանցելու վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի անմիջապես այն բանից հետո, երբ կողմի կարծիքով արբիտրաժի ընթացքում շոշափվում է այնպիսի հարց, որը դուրս է արբիտրաժային տրիբունալի իրավասության շրջանակից: Արբիտրաժային տրիբունալը ցանկացած դեպքում կարող է ընդունել ուշացված հայտարարությունը, եթե ուշացումը համարի հարգելի:
  3. Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության մասին առարկությունը չի կանխարգելում Արբիտրաժային հաստատության՝ գործը վարելու հնարավորությունը։
  4. Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի արդյոք շարունակել և ինչ ծավալով շարունակել արբիտրաժային վարույթը։ Արբիտրաժային վարույթը պետք է շարունակվի, եթե արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ Կանոնակարգի համաձայն՝ արբիտրաժային համաձայնությունը գոյություն ունի։ Մասնավորապես՝
    1. այն դեպքում, երբ արբիտրաժի կողմերը երկուսից ավելի են, արբիտրաժային վարույթը պետք է իրականացվի այն կողմերի միջև, այդ թվում՝ Կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ գործին լրացուցիչ միացած ցանկացած կողմի միջև, որոնց վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ առկա է արբիտրաժային համաձայնություն, որը Կանոնակարգի համաձայն՝ պարտադիր է նրանց համար, և
    2. այն դեպքում, երբ հայցադիմումները ներկայացվել են մեկից ավելի արբիտրաժային համաձայնության հիման վրա, արբիտրաժային վարույթը պետք է շարունակվի այն հայցադիմումների մասով, որոնց վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ հետևյալ պահանջները բավարարված են՝
      1. արբիտրաժային համաձայնագրերը, որոնց հիման վրա հայցադիմումները ներկայացվել են կարող են համատեղվել, և
      2. արբիտրաժի բոլոր կողմերը եկել են այն համաձայնության, որ այդ հայցադիմումները կարող են մեկ արբիտրաժային վարույթի առարկա լինել։
  5. Այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալը որոշում է, որ արբիտրաժային վարույթը հայցադիմումներից որևէ մեկի մասով չի կարող շարունակվել, նման որոշումը չի կարող կանխել նույն հայցադիմումը հետագայում մեկ այլ վարույթում ներկայացնելը։
  6. Եթե կողմերից որևէ մեկը մերժում է կամ չի ապահովում իր մասնակցությունը արբիտրաժին կամ դրա որևէ մասին, ապա արբիտրաժը պետք է շարունակվի՝ չնայած նման մերժմանը կամ մասնակցությունը չապահովելուն։

Անձանց բազմաթվությունը և գործերի միացումը

Հոդված 10. Լրացուցիչ կողմի մասնակցություն

  1. Կողմի միջնորդությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է որոշում կայացնել արբիտրաժին լրացուցիչ կողմ ներգրավելու մասին՝ պայմանով, որ բոլոր կողմերը, այդ թվում նաև՝ լրացուցիչ կողմը, համաձայն են դրան։ Ցանկացած նման որոշում պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի հանգամանքները, այդ թվում նաև՝ արբիտրաժային վարույթի փուլը։ Նման միջնորդությունը, կախված իրավիճակից, պետք է ներկայացվի հայցադիմումի կամ պատասխանի հետ միաժամանակ, իսկ եթե կողմին այդ հանգամանքը հայտնի է դառնում ավելի ուշ փուլում, ապա՝ հայտնի դառնալու օրվանից 15-օրյա ժամկետում։
  2. Լրացուցիչ կողմի ներգրավվման մասին միջնորդությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը՝
    1. հղում ընթացող արբիտրաժային վարույթին,
    2. յուրաքանչյուրի կողմի, այդ թվում ՝ լրացուցիչ կողմի լրիվ անունը (անվանումը), հասցեները և այլ կոնտակտային տվյալները, և
    3. Կանոնակարգի 6-րդ հոդվածի 3-րդ մասի ii-vii կետերով նախատեսված տեղեկությունը։
  3. Լրացուցիչ կողմ ներգրավելու միջնորդություն ներկայացրած կողմը կարող է դրա հետ ուղարկել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։
  4. Կանոնակարգի 6-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը mutatis mutandis կիրառվում են նաև լրացուցիչ կողմի ներգրավման միջնորդության նկատմամբ։
  5. Լրացուցիչ կողմը պետք է պատասխան ներկայացնի՝ համաձայն, mutatis mutandis, Կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-4- րդ մասերի։ Լրացուցիչ կողմը կարող է ցանկացած այլ կողմի դեմ հայցադիմում ներկայացնել հաշվի առնելով Կանոնակարգի 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կարգավորումները։

Հոդված 11. Գործերի միացում

Այն դեպքում, երբ նոր սկսվող արբիտրաժի քննության առարկան էականորեն վերաբերում է Կանոնակարգի հիման վրա քննության ենթակա արբիտրաժային վարույթին կամ մասնակցող կողմերը նույնն են, Արբիտրաժային հաստատությունը կարող է բոլոր շահագրգռված կողմերի և նշանակված արբիտրաժային տրիբունալի հետ խորհրդակցությունից հետո միացնել նոր սկսված արբիտրաժը քննության մեջ գտնվողին, պայմանով, որ բոլոր կողմերը և արբիտրաժային տրիբունալը համաձայն են։ Նման միացումը պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի հանգամանքները, այդ թվում՝ փուլը, որում գտնվում է ընթացող արբիտրաժը։

Ապահովման միջոցներ

Հոդված 12. Հայցի և ծախսերի ապահովման միջոցներ

  1. Կողմի միջնորդությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է ձեռնարկել ցանկացած ժամանակավոր միջոցներ կամ կայացնել այլ միջանկյալ որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում, այդ թվում՝ կիրառել արգելանք կամ վեճի առարկա հանդիսացող ապրանքների պահպանման միջոցներ, ինչպիսիք են դրանք երրորդ անձանց դեպոզիտ հանձնելը կամ շուտ փչացող ապրանքների վաճառքը։ Արբիտրաժային տրիբունալը կարող է նման միջոցների ձեռնարկումը պայմանավորել միջնորդություն ներկայացնողի կողմից պատշաճ հակընդդեմ ապահովման միջոցների տրամադրմամբ։
  2. Կողմի միջնորդությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է մյուս կողմից պահանջել տրամադրել հայցի կամ հակընդդեմ հայցի, ինչպես նաև Կանոնակարգի 41-րդ հոդվածով նախատեսված ծախսերի՝ արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ձևով ապահովում։
  3. Սույն հոդվածի հիման վրա ձեռնարկվող միջոցները և որոշումները կարող են ընդունվել միջանկյալ վճռի ձևով։
  4. Հայցի կամ հակընդդեմ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու կամ ապահովում տրամադրելու մասին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից ընդունված նման միջոցների կիրառման մասին դատարան ուղղված կողմի միջնորդությունը չեն կարող համարվել արբիտրաժային համաձայնության հետ անհամատեղելի կամ նման համաձայնությունից հրաժարում։

Արբիտրաժային տրիբունալը

Հոդված 13. Ընդհանուր դրույթներ արբիտրաժային տրիբունալի մասին

  1. Յուրաքանչյուր արբիտր պետք է պահպանի արբիտրաժին ներգրավված կողմից անկախությունն ու անկողմնակալությունը։
  2. Մինչև նշանակումը կամ հաստատումը ապագա արբիտրը պետք է ստորագրի առաջարկի ընդունման, հասանելիության, անկողմնակալության և անկախության մասին հայտարարությունը։ Ապագա արբիտրը պետք է Քարտուղարությանը գրավոր հայտնի այն բոլոր փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կողմերի տեսանկյունից կարող են կասկածի տակ դնել արբիտրի անկախությունը, ինչպես նաև ցանկացած հանգամանքի մասին, որը ողջամիտ կասկած կարող է առաջացնել արբիտրի անկողմնակալության վերաբերյալ։
  3. Քարտուղարությունը պետք է նման տեղեկությունը գրավոր ձևով տրամադրի կողմերին՝ սահմանելով ժամկետ փաստարկների համար։
  4. Արբիտրը պետք է անմիջապես գրավոր հայտնի Քարտուղարությանը և կողմերին արբիտրի անկողմնակալության և անկախության վերաբերյալ ցանկացած փաստի կամ հանգամանքի մասին, որոնք նշված են Կանոնակարգի սույն հոդվածի 2-րդ մասում և որոնք առաջ են եկել արբիտրաժի ընթացքում։
  5. Արբիտրի նշանակման, հաստատման, բացարկի կամ փոխարինման մասին Արբիտրաժային հաստատության որոշումը վերջնական է, իսկ դրա պատճառաբանությունը չի տրամադրվում։
  6. Արբիտրները, ընդունելով որպես արբիտր հանդես գալու առաջարկը, պետք է իրենց պարտականությունները կատարեն Կանոնակարգին համապատասխան։

Հոդված 14. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը

  1. Արբիտրների թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ և պետք է լինի կենտ: Այն դեպքում, երբ արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված է արբիտրաժային տրիբունալի ձևավորում զույգ կազմով, ապա արբիտրների թիվը պետք է մեկով ավելացվի: Այդ դեպքում ավելացվող արբիտրին նշանակում է Արբիտրաժային հաստատությունը:
  2. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը կազմավորվում է երեք արբիտրից:
  3. Եթե արբիտրաժային տրիբունալը բաղկացած է մեկից ավելի արբիտրներից, ապա կողմերից յուրաքանչյուրը նշանակում է հավասար քանակի արբիտրներ: Նրանք կարող են նաև խնդրել, որ արբիտրին իրենց փոխարեն նշանակի Արբիտրաժային հաստատությունը:
  4. Եթե Կանոնակարգով սահմանված ժամկետում հայցվորը կամ պատասխանողը չեն ներկայացնում արբիտրի թեկնածություն, ապա վերջինների նշանակումը կատարում է Արբիտրաժային հաստատությունը՝ Արբիտրաժային հաստատության արբիտրների ցուցակից:
  5. Եթե գործին մասնակցում են երկու կամ ավելի հայցվորներ կամ պատասխանողներ և գործը պետք է քննվի մեկից ավելի արբիտրների կողմից, ապա հայցվորները և պատասխանողները միասին նշանակում են հավասար թվով արբիտրներ: Եթե հայցվորները կամ պատասխանողները չեն համաձայնվում արբիտրների համատեղ նշանակման հարցում, ապա նրանց փոխարեն արբիտրին նշանակում է Արբիտրաժային հաստատությունը:
  6. Եթե արբիտրաժային տրիբունալը բաղկացած է մեկից ավելի արբիտրներից, ապա արբիտրաժային տրիբունալը նախագահողին նշանակում են ընտրված արբիտրները, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ Արբիտրաժային հաստատությունը:
  7. Եթե գործը վարում է միանձնյա արբիտրը, ապա վերջինիս կողմերն ընտրում են միասին: Նրանք կարող են նաև խնդրել Արբիտրաժային հաստատությանը իրենց փոխարեն նշանակելու միանձնյա արբիտրին: Միանձնյա արբիտրի ընտրության հարցում կողմերի միջև մեկամսյա ժամկետում համաձայնություն չկայացվելու դեպքում արբիտրների ցուցակից նրան նշանակում է Արբիտրաժային հաստատությունը:
  8. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո եռօրյա ժամկետում վերջինս որոշում է ընդունում արբիտրաժային գործը վարույթ ընդունելու մասին: Եթե Կանոնակարգի 17-րդ հոդվածով սահմանված կարգով տեղի է ունենում արբիտրաժային տրիբունալի փոփոխություն, ապա արբիտրաժային գործը վարույթ ընդունելու մասին լրացուցիչ որոշում չի ընդունվում:

Հոդված 15. Արբիտրի բացարկը

  1. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի բացարկ հայտնելու արբիտրին, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են հարուցում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, մասնավորապես` եթե կարելի է ենթադրել, որ նրանք անձամբ ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են վարույթի ելքով:
  2. Բացարկի մասին կողմերի գրավոր դիմումները, որոնցում շարադրված են բացարկը հիմնավորող հանգամանքները, պետք է ներկայացվեն Քարտուղարություն և արբիտրաժային տիրբունալին տասնհինգօրյա ժամկետում, այն բանից հետո, երբ կողմը տեղյակ է եղել արբիտրաժային տրիբունալի ձևավորման մասին, կամ այն բանից հետո, երբ կողմը տեղյակ է եղել այնպիսի հանգամանքների մասին, որոնք բացարկի հիմք կարող են հանդիսանալ: Սույն մասում նշված ժամկետից ուշ ներկայացված բացարկիմասին դիմումը ենթակա է քննարկման, եթե ժամկետի ուշացումը եղել է հարգելի պատճառով:
  3. Եթե արբիտրը, որին բացարկ է հայտնվել, ինքնաբացարկ չի հայտնում, կամ մյուu կողմը չի համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը որոշում են արբիտրաժային տրիբունալի մյուս անդամները: Եթե նրանք համաձայնության չեն գալիս կամ եթե բացարկը հայտնվել է միանձնյա արբիտրին, ապա բացարկի հարցը որոշում է Արբիտրաժային հաստատությունը:
  4. Արբիտրն իր հայեցողությամբ կարող է նաև ինքնաբացարկ հայտարարել:

Հոդված 16. Արբիտրի իրավասության դադարում

  1. Այն դեպքում, երբ արբիտրը իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթները առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են` ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելով, կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին:
  2. Այն դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծում է Արբիտրաժային հաստատությունը:
  3. Արբիտրի մահվան (ներառյալ` դատարանի վճռով մահացած ճանաչելու) կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում արբիտրի լիազորությունները դադարում են:

Հոդված 17. Արբիտրաժային տրիբունալի փոփոխություն

  1. Եթե արբիտրին բացարկ է հայտնվել կամ այլ պատճառներով նա չի կարող մասնակցել գործի վարույթին, ապա փոխարինող արբիտրին նշանակում է փոխարինվող արբիտրին նշանակած կողմը, իսկ եթե փոխարինվող արբիտրը նշանակվել է Արբիտրաժային հաստատության կամ մյուս արբիտրների կողմից, ապա համապատասխանաբար Արբիտրաժային հաստատությունը կամ մյուս արբիտրները:
  2. Անհրաժեշտության դեպքում կամ հաշվի առնելով կողմերի կարծիքները փոփոխված արբիտրաժային տրիբունալը կարող է վերանայել արբիտրաժային վարույթի հետ կապված այն հարցերը, որոնք քննարկվել են նախկին բանավոր լսումների ժամանակ՝ մինչև փոխարինման կատարումը:

Արբիտրաժային վարույթը

Հոդված 18. Գործի փոխանցումը արբիտրաժային տրիբունալին

Քարտուղարությունը պետք է գործը փոխանցի արբիտրաժային տրիբունալին դրա ձևավորումից անմիջապես հետո, պայմանով, որ Քարտուղարության կողմից պահանջված ծախսերի կանխավճարը կատարված է։

Հոդված 19. Արբիտրաժի վայրը

  1. Արբիտրաժային հաստատության գտնվելու և լսումներն անցկացնելու վայրը քաղաք Երևանն է։
  2. Կողմերի հետ խորհրդակցելուց հետո արբիտրաժային տրիբունալը կարող է լսումներ և հանդիպումներ անցկացնել ցանկացած վայրում, որը նպատակահարմար կհամարի, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան սահմանված չէ։

Հոդված 20. Վարույթի կանոնները

  1. Արբիտրաժային տրիբունալը վեճը քննում է Օրենքով և Կանոնակարգով սահմանված կարգով, իսկ դրանցով չկարգավորված հարցերը քննելիս արբիտրաժային տրիբունալը վարում է քննությունն այնպիսի եղանակով, որը նա գտնում է նպատակահարմար՝ պահպանելով հավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ և հնարավորություն տալով կողմերից յուրաքանչյուրին հավասարապես պաշտպանելու իր շահերը:
  2. Կանոնակարգով Արբիտրաժային հաստատությանը վերապահված գործառույթները, համաձայն Արբիտրաժային հաստատության կանոնադրության՝ Արբիտրաժային հաստատության անունից իրականացնում է Արբիտրաժային հաստատության նախագահը:

Հոդված 21. Գործի քննության լեզուն

Գործի քննությունն իրականացվում է հայերենով: Կողմերի համաձայնության առկայության դեպքում արբիտրաժային տրիբունալը գործը քննում է նաև օտար լեզվով, պայմանով սակայն, եթե Կանոնակարգով սահմանված կարգով ընտրված արբիտրները տիրապետում են արբիտրաժային համաձայնությամբ ընտրված լեզվին կամ կողմերն ապահովում են թարգմանությունը:

Հոդված 22. Կիրառելի իրավունքը

  1. Արբիտրաժային տրիբունալը վեճերը քննում է կողմերի համաձայնությամբ ընտրված նյութական իրավունքի նորմերի կիրառմամբ, իսկ եթե կողմերը կիրառման ենթակա իրավունքը չեն ընտրել, ապա՝ Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի կիրառմամբ:
  2. Արբիտրաժային տրիբունալը պետք է հաշվի առնի կողմերի միջև գոյություն ունեցող պայմանագրի դրույթները, ինչպես նաև ցանկացած վերաբերելի գործարար շրջանառության սովորույթ։
  3. Կողմերի համաձայնության դեպքում, անկախ կիրառելի իրավունքից, Արբիտրաժային տրիբունալը վեճերը քննում է ղեկավարվելով արդարության ընդհանուր սկզբունքներով, սակայն, ամեն դեպքում, չհակասելով Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

Հոդված 23. Արբիտրաժային գործի քննությունը

  1. Հաշվի առնելով վեճի բարդությունը և պահանջի չափը՝ արբիտրաժային տրիբունալը և կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր ջանքերը գործի քննությունը արագ և արդյունավետ ձևով իրականացնելու համար։
  2. Գործի արդյունավետ վարման համար արբիտրաժային տրիբունալը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո, կարող է ձեռնարկել այնպիսի ընթացակարգային միջոցներ, որոնք նպատակահարմար կհամարի, պայմանով, որ դա չի հակասի կողմերի որևէ համաձայնությանը։
  3. Բոլոր դեպքերում, արբիտրաժային տրիբունալը պետք է գործի արդար և անկողմնակալ և կողմի համար ապահովի իր գործը ներկայացնելու ողջամիտ հնարավորություն։
  4. Կողմերը պարտավորվում են կատարել արբիտրաժային տրիբունալի որոշումները։

Հոդված 24. Ապացույցներ

  1. Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի ապացույցների թույլատրելիությունը, վերաբերելիությունը, էական լինելը և կշիռը։
  2. Արբիտրաժի ընթացքում արբիտրաժային տրիբունալը կարող է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ պահանջել կողմից տրամադրել փաստաթղթեր կամ այլ ապացույցներ, որոնք անհրաժեշտ է համարում, ինչպես նաև կողմից պահանջել կողմին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետին զննում կամ փորձարկում իրականացնելու նպատակով հնարավորություն ընձեռել մուտք գործելու ցանկացած գույքի տարածք, որը գտնվում է նրա տիրապետման կամ կառավարման ներքո։

Հոդված 25. Փորձաքննություն

  1. Լսումների իրականացումից ողջամտորեն առաջ կողմը կարող է արբիտրաժային տրիբունալին և մյուս կողմին հայտնել իրականացված որոշակի փորձաքննության մասին, որը մտադրված է հիմք ընդունել։ Այդ ծանուցմամբ պետք է ներկայացվեն փորձաքննության իրականցման նպատակը, հակիրճ նկարագրությունը, կիրառված մեթոդը, արդյունքները և եզրակացությունը։ Կողմը կարող է միջնորդել արբիտրաժային տրիբունալին, որպեսզի բոլոր նման փորաձքննությունները կրկնվեն նրա ներկայությամբ։ Եթե արբիտրաժային տրիբունալը նման միջնորդությունը հիմնավոր է համարում, ապա նա պետք է սահմանի ժամանակացույց, որի ընթացքում փորձաքննությունները պետք է կրկնվեն։
  2. Սույն կետի իմաստով «փոձաքննությունը» ներառում է փորձարկումները կամ հավաստման այլ գործընթացները։

Հոդված 26. Տեղազննություն

Արբիտրաժային տրիբունալը կարող է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ զննել կամ պահանջել զննել որևէ տարածք, գույք, սարքավորում, կառույց, արտադրական հոսքագիծ, նմուշ, նյութ, արտադրանք կամ գործընթաց, որը նպատակահարմար է համարում։ Կողմը նման միջնորդություն կարող է ներկայացնել լսումներից ողջամտորեն առաջ, իսկ արբիտրաժային տրիբունալը, նման միջնորդությունը բավարարելու դեպքում, պետք է սահմանի զննման ժամանակացույցը և անհրաժեշտ միջոցառումները։

Հոդված 27. Լսումները

  1. Եթե կողմերից որևէ մեկը պահանջում է, ապա արբիտրաժային տրիբունալը պետք է լսումներ անցկացնի վկաների հարցաքննության, այդ թվում նաև՝ փորձագետի հարցաքննության, կամ բանավոր փաստարկները լսելու համար կամ նշվածները միասին։ Նման միջնորդության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալն է որոշում, թե արդյոք անհրաժեշտ է նման լսում կամ լսումներ անցկացնել, թե ոչ։ Եթե լսումներ չեն անցկացվում, ապա վարույթը պետք է իրականացվի ներկայացված փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա։
  2. Լսումներ անցկացնելու դեպքում արբիտրաժային տրիբունալը պետք է բավարար ժամանակ առաջ կողմերին ծանուցի լսումների ժամանակի և վայրի մասին։
  3. Եթե կողմերն այլ համաձայնություն չեն կայացրել, բոլոր լսումներում պետք է պահպանվի գաղտնիությունը։
  4. Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի, թե արդյոք լսումները պետք է արձանագրվեն, եթե այո, ապա՝ ինչ ձևով։

Հոդված 28. Վկաներ

  1. Լսումներից առաջ արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերից պահանջել ներկայացնել այն վկաներին անհատականացնող տեղեկությունը, որոնց նրանք պատրաստվում են գործով կանչել։
  2. Արբիտրաժային տրիբունալը վերաբերելի չլինելու կամ քննության սահմանների անցման հիմքով իր հայեցողությամբ կարող է սահմանափակել կամ մերժել վկաների ներգրավումը։
  3. Կողմերից յուրաքանչյուրն արբիտրաժային տրիբունալի վերահսկողության ներքո կարող է հարցաքննել բանավոր ցուցմունք տվող ցանկացած վկայի։ Արբիտրաժային տրիբունալը կարող է հարցեր տալ վկաների հարցաքննության ցանկացած փուլում։
  4. Կողմերի նախընտրությամբ կամ արբիտրաժային տրիբունալի որոշմամբ վկայի ցուցմունքը կարող է ներկայացվել ստորագրված գրավոր ցուցմունքի, երդմամբ տրված ցուցմունքի կամ այլ կերպ, որի դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է ցուցմունքը թույլատրելի համարել պայմանով, որ այդ վկան հասանելի կլինի բանավոր ցուցմունք տալու համար։
  5. Վկային կանչելու հետ կապված նրա հասանելի լինելու, գործնական միջոցներ ձեռնարկելու կամ ծախսեր կրելու պարտականություններն ընկնում է նրան կանչող կողմի վրա։
  6. Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի, թե արդյոք վկան պետք է հեռանա գործի քննության որոշակի փուլում, մասնավորապես՝ այլ վկաների հարցաքննության ժամանակ։

Հոդված 29. Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետը

  1. Արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերի հետ խորհրդակցելուց հետո նախնական նիստի ժամանակ կամ ավելի ուշ փուլում նշանակել մեկ կամ ավելի անկախ փորձագետի՝ արբիտրաժային տրիբունալի կողմից նշված հատուկ հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար։ Փորձագետին ուղղվող հարցերի շրջանակը, որը կազմվում է կողմերի նկատառումները հաշվի առնելով՝ արբիտրաժային տրիբունալը տրամադրում է կողմերին։ Ցանկացած նման փորձագետ պետք է ստորագրի գաղտնիության պահպանման մասին հայտարարություն։
  2. Արբիտրաժային տրիբունալը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն պետք է տրամադրի կողմերին, ովքեր պետք է հնարավորություն ունենան գրավոր ձևով հայտնել եզրակացության վերաբերյալ իրենց կարծիքը։ Կողմը կարող է ուսումնասիրել ցանկացած փաստաթուղթ, որը հիմք է հանդիսացել եզրակացությունը կազմելու համար։
  3. Կողմի միջնորդությամբ կողմերը պետք է հնարավորություն ունենան փորձագետին հարցաքննել լսումների ընթացքում։ Այդ լսումներում կողմերը կարող են ներգրավել փորձագետ վկաների, որոնք կարող են ցուցմունք տալ խնդրահարույց հարցի վերաբերյալ։
  4. Խնդրահարույց հարցի կապակցությամբ փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից՝ հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, քանի դեռ կողմերը չեն համաձայնվել, որ փորձագետի եզրակացությունը որոշիչ է ցանկացած հատուկ խնդրի համար։

Հոդված 30. Բացակայություն

  1. Արբիտրաժային տրիբունալը շարունակում է գործի քննությունը և վճիռ կայացնում, եթե կողմը՝ առանց հարգելի պատճառի, չի օգտվում արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ժամկետում իր գործը ներկայացնելու հնարավորությունից։
  2. Եթե կողմն առանց հարգելի պատճառի չի պահպանում Կանոնակարգի որևէ կարգավորում կամ պահանջ կամ արբիտրաժային տրիբունալի որևէ պահանջ, ապա արբիտրաժային տրիբունալը կարող է եզրակացություններ անել այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։

Հոդված 31. Վարույթի ավարտը

  1. Արբիտրաժային տրիբունալը պետք է վարույթն ավարտված հայտարարի, երբ գտնում է, որ կողմերն ունեին պատշաճ հնարավորություն ներկայացնելու իրենց դիրքորոշումը և ապացույցները։
  2. Բացառիկ դեպքերում, երբ արբիտրաժային տրիբունալն անհրաժեշտ է համարում՝ մինչև վճռի կայացումը, արբիտրաժային տրիբունալն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է վերսկսել վարույթը, որը հայտարարվել էր ավարտված։

Արբիտրաժային տրիբունալի որոշումները

Հոդված 32. Որոշման կայացում

Եթե կողմերն այլ բան չեն սահմանել իրենց համաձայնությամբ, ապա այն դեպքում, երբ արբիտրները մեկից ավելի են, արբիտրաժային տրիբունալի ցանկացած վճիռ, կարգադրություն կամ այլ որոշում պետք է կայացվի մեծամասնության կողմից։ Մեծամասնության բացակայության դեպքում, նախագահող արբիտրը պետք է կայացնի վճիռը, կարգադրությունը կամ այլ որոշումը, այնպես ինչպես կգործեր միանձնյա արբիտրը։

Հոդված 33. Վճռի ձևը և հանձնումը

  1. Արբիտրաժային տրիբունալը կարող է տարբեր հարցերով կամ ժամանակահատվածներում կայացնել առանձին վճիռներ։
  2. Վճիռը պետք է կազմված լինի գրավոր՝ կայացման ժամանակի և արբիտրաժի վայրի նշումով։
  3. Վճիռը պետք է պարունակի դրա կայացման պատճառաբանությունը, եթե կողմերը չեն համաձայնվել, որ պատճառաբանություն չպետք է ներկայացվի։
  4. Վճիռը պետք է ստորագրված լինի արբիտրի կամ արբիտրների կողմից։ Արբիտրների մեծամասնության ստորագրությունը, իսկ Կանոնակարգի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ նախագահող արբիտրի ստորագրությունը, բավարար է։ Եթե արբիտրը հրաժարվում է ստորագրել վճիռը, վճիռը պետք է նշում պարունակի ստորագրելուց հրաժարվելու պատճառների մասին։
  5. Արբիտրաժային տրիբունալը պետք է ուղարկի վճիռը Քարտուղարություն բնօրինակների այն քանակով, որը բավարար կլինի յուրաքանչյուր կողմին, արբիտրին կամ արբիտրներին և Արբիտրաժային հաստատությանը մեկակական օրինակ տրամադրելու համար։ Քարտուղարությունը պետք է վճռի մեկական օրինակ ուղարկի կողմերին և արբիտրին կամ արբիտրներին։
  6. Կողմի միջնորդությամբ համապատասխան վճարի դիմաց Քարտուղարությունը պետք է տրամադրի վճռի՝ իր կողմից վավերացված պատճենը։ Նման ձևով վավերացված պատճենը պետք է համարվի Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մասին (Նյու Յորք, 10-ը հունիսի, 1958թ) կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետին համապատասխանող։

Հոդված 34. Վերջնական վճռի կայացման ժամկետը

  1. Երբ դա ողջամտորեն հնարավոր է, արբիտրաժը պետք է իրականացվի և վարույթը հայտարարվի ավարտված պատասխանն ուղարկելու կամ արբիտրաժային տրիբունալը ձևավորելու՝ նշվածներից ամենաուշը տեղի ունենալու օրվանից հետո ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում։ Երբ դա ողջամտորեն հնարավոր է, վերջնական վճիռը պետք է կայացվի դրանից հետո երեք ամսվա ընթացքում։
  2. Եթե վերջնական վճիռը չի կայացվել արբիրաժային վարույթն ավարտվելուց հետո երեք ամսվա ընթացքում, ապա արբիտրաժային տրիբունալը պետք է Քարտուղարություն ուղարկի ուշացման պատճառների մասին գրավոր բացատրությույն՝ պատճենն ուղարկելով կողմերին։ Հետագա բացատրությունները պետք է Քարտուղարություն ուղարկվեն, իսկ պատճենը՝ կողմերին, հաջորդ յուրաքանչյուր մեկ ամսվա ավարտից հետո մինչև վերջնական վճռի կայացումը։

Հոդված 35. Վճռի գործողությունը

  1. Համաձայնվելով Կանոնակարգով արբիտրաժ իրականացնելուն՝ կողմերը պարտավորվել են առանց հապաղման կատարել վճիռը և հրաժարվել որևէ ձևով ներկայացնել վերաքննության բողոք, այնքանով, որքանով, որ նման հրաժարումը վավեր է կիրառելի իրավունքի համաձայն։
  2. Վճիռը մտնում է ուժի մեջ և պարտադիր է կողմերի համար Քարտուղարության կողմից Կանոնակարգի 33-րդ հոդվածի համաձայն ուղարկելու օրվանից։

Հոդված 36. Հաշտությունը և վարույթն ավարտելու այլ հիմքերը

  1. Այն ժամանակ, երբ արբիտրաժային տրիբունալը նպատակահարմար է համարում, նա կարող է կողմերին առաջարկել վեճն ավարտել հաշտությամբ։
  2. Եթե մինչև վճռի կայացումը կողմերը գալիս են համաձայնության վեճը լուծել հաշտությամբ, արբիտրաժային տրիբունալը պետք է ավարտի վարույթը և, եթե կողմերը միասին կպահանջեն՝ հաշտությունն ամրագրել վճռով։ Այս դեպքում Արբիտրաժային հաստատությունը պարտավոր չէ ներկայացնել վճռի պատճառաբանությունը։
  3. Եթե մինչև վճռի կայացումը որևէ պատճառով, որը նշված չէ սույն հոդվածի 2-րդ մասում, արբիտրաժային վարույթը դառնում է ոչ անհրաժեշտ կամ անհնարին, արբիտրաժային տրիբունալը պետք է կողմերին հայտնի վարույթն ավարտելու իր մտարդության մասին։ Արբիտրաժային տրիբունալը պետք է վարույթն ավարտելու մասին որոշում կայացնի, եթե կողմը արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանած ժամկետում հիմնավոր կերպով առարկություն չի ներկայացրել։
  4. Հաշտության համաձայնությունը հաստատող վճիռը կամ վարույթն ավարտելու մասին որոշումը, Կանոնակարգի 33-րդ հոդվածի համաձայն՝ պետք է ստորագրվի արբիտրի կամ արբիտրների կողմից, և արբիտրաժային տրիբունալը պետք է այն ուղարկի Քարտուղարություն բնօրինակների այն քանակով, որը բավարար կլինի յուրաքանչյուր կողմին, արբիտրին կամ արբիտրներին և Արբիտրաժային հաստատությանը մեկակական օրինակ տրամադրելու համար։ Քարտուղարությունը պետք է հաշտության համաձայնությունը հաստատող վճռի կամ վարույթն ավարտելու մասին որոշման բնօրինակը պաշտոնապես ուղարկի յուրաքանչյուր կողմին և արբիտրին կամ արբիտրներին։

Հոդված 37. Վճռի ուղղումը և մեկնաբանումը. լրացուցիչ վճիռը

  1. Վճիռը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, եթե կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ չի սահմանվել`
    1. կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով ուղղել վճռում տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները կամ նմանաբնույթ այլ սխալներ.
    2. կողմերի միջև համապատասխան համաձայնության առկայության դեպքում կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով պարզաբանել վճռի որևէ առանձին կետ կամ մաս.
    3. արբիտրաժային տրիբունալը կողմի դիմումը հիմնավոր գտնելու դեպքում պարտավոր է այն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կատարել համապատասխան ուղղումները կամ տալ պարզաբանում: Այդ պարզաբանումը դառնում է վճռի բաղկացուցիչ մասը:
  2. Արբիտրաժային տրիբունալը վճռի կայացման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, կարող է իր նախաձեռնությամբ ուղղել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված սխալները:
  3. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա կողմը, մյուս կողմին տեղյակ պահելով, կարող է վճիռը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով կայացնել լրացուցիչ վճիռ արբիտրաժային վարույթի ժամանակ ներկայացված, սակայն վճռում չարտացոլված պահանջների մասով: Արբիտրաժային տրիբունալը դիմումը հիմնավոր գտնելու դեպքում պարտավոր է այն ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, կայացնել լրացուցիչ վճիռ:
  4. Անհրաժեշտության դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված սխալների ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման ժամկետները:
  5. Վճռի ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման դեպքերում կիրառվում են Կանոնակարգի 3-րդ հոդվածի դրույթները:

Ծախսերը

Հոդված 38. Արբիտրաժային հաստատության վճարները

  1. Հայցադիմումը կամ հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել Քարտուղարություն չվերադարձվող գրանցման վճարը կատարելու պայմանով։ Այս վճարի չափը սահմանված է «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով, որը կիրառելի է Քարտուղարության կողմից համապատասխանաբար հայցադիմումը կամ հակընդդեմ հայցն ստանալու օրվա դրությամբ։
  2. Քարտուղարությունը հայցադիմումի կամ հակընդդեմ հայցի հիման վրա որևէ գործողություն չի կատարի, քանի դեռ գրանցման վճարը կատարված չէ։
  3. Եթե Քարտուղարության՝ գրանցման վճարը կատարելու գրավոր հիշեցումն ստանալուց հետո տասնհինգ օրվա ընթացքում հայցվորը կամ պատասխանողը այն չեն կատարում, ապա ենթադրվում է, որ հայցադիմումը կամ հակընդդեմ հայցը հետ է վերցված։
  4. Գործավարության ծախսերի չափի մասին Քարտուղարության ծանուցումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հայցվորը, իսկ հակընդդեմ հայցի դեպքում՝ նաև պատասխանողը, պետք է վճարեն գործավարության վճարը։
  5. Գործավարության վճարի չափը հաշվարկվում է արբիտրաժն սկսելու օրվա դրությամբ գործող «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածի համաձայն։
  6. Այն դեպքում, երբ հայցի կամ հակընդդեմ հայցի չափն ավելանում է «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածի հիման վրա հաշվարկվող գործավարության վճարը կարող է ավելացվել, որն էլ ենթակա է վճարման համապատասխանաբար հայցվորի կամ պատասխանողի կողմից։
  7. Եթե կողմը Քարտուղարության գրավոր հիշեցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում չի վճարում գործավարության վճարը, ապա ենթադրվում է, որ նա հրաժարվում է հայցից կամ հակընդդեմ հայցից կամ պահանջի ավելացումից։
  8. Արբիտրաժային տրիբունալը պետք է ժամանակին տեղեկացնի Քարտուղարությանը հայցի և հակընդդեմ հայցի չափի, ինչպես նաև պահանջի ավելացման մասին։

Հոդված 39. Դեպոզիտ

  1. Քարտուղարության՝ արբիտրաժային տրիբունալը ձևավորելու մասին ծանուցումը ստանալուց հետո հայցվորը և պատասխանողը պետք է հավասար չափով դեպոզիտ վճարեն Կանոնակարգի 40-րդ հոդվածով նախատեսված ծախսերի համար կանխավճարը։ Դեպոզիտի չափը պետք է սահմանի Քարտուղարությունը։
  2. Արբիտրաժի ընթացքում Քարտուղարությունը կարող է պահանջել ավելացնել դեպոզիտը։
  3. Եթե պահանջվող դեպոզիտն ամբողջությամբ չի վճարվում ծանուցումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, Քարտուղարությունը պետք է այդ մասին տեղեկացնի կողմերին, որպեսզի նրանցից որևէ մեկը կատարի վճարումը։
  4. Այն դեպքում երբ հակընդդեմ հայցի չափն էապես գերազանցում է հայցի չափը կամ ենթադրում է էապես տարբերվող հարցի քննություն կամ երբ հանգամանքներից ելնելով դա նպատակահարմար է, Քարտուղարությունն իր հայեցողությամբ կարող է հայցի և հակընդդեմ հայցի համար երկու առանձին դեպոզիտներ բացել։ Այդ դեպքում դեպոզիտներն ամբողջությամբ պետք է վճարվեն համապատասխանաբար հայցվորի և պատասխանողի կողմից։
  5. Այն դեպքում, երբ կողմը Քարտուղարության ծանուցումն ստանալուց հետո տասնհինգ օրվա ընթացքում չի վճարում պահանջվող դեպոզիտը՝ ենթադրվում է, որ համապատասխան հայցը կամ հակընդդեմ հայցը հետ է վերցված։
  6. Վճռի կայացումից հետո Քարտուղարությունը վճռին համապատասխան ներկայացնում է դեպոզիտ ստացված վճարների հաշվետվությունը և կողմերին է վերադարձնում այն, ինչը չի ծախսվել կամ կողմերից պահանջում է վճարել այն, ինչը նրանք պարտավոր են վճարել։

Հոդված 40. Արբիտրաժային ծախսերի բաշխումը

  1. Վճռում արբիտրաժային տրիբունալը պետք է անդրադառնա արբիտրաժային ծախսերին, որոնք կազմված են՝
    1. արբիտրների հոնորարից, որի չափը սահմանված է «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով, որը կիրառելի է Քարտուղարության կողմից համապատասխանաբար հայցադիմումը կամ հակընդդեմ հայցն ստանալու օրվա դրությամբ,
    2. ըստ անհրաժետության կատարված գործուղման, հաղորդակցության և արբիտրների այլ ծախսերից,
    3. Կանոնակարգին համապատասխան արբիտրաժային տրիբունալի պահաջով փորձագետների և նման այլ աջակցության ծախսերից, և
    4. վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսերից, ինչպիսիք են հանդիպումների և լսումների կազմակերպման ծախսերը։
  2. Վերը նշված ծախսերը պետք է, ըստ հնարավորության, կատարվեն Կանոնակարգի 39-րդ հոդվածի հիման վրա պահանջված դեպոզիտից։
  3. Արբիտրաժային տրիբունալը, պահպանելով կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, կողմերի միջև արբիտրաժային ծախսերը, գրանցման վճարը և գործավարության ծախսերը բաշխում է արբիտրաժի բոլոր հանգամանքների և գործի ելքի հաշվառմամբ։

Հոդված 41. Կողմի կատարած ծախսերի հատուցում

Վճռում արբիտրաժային տրիբունալը, չհակասելով կողմերի ձեռքբերված որևէ համաձայնությանը և արբիտրաժի բոլոր հանգամանքների ու գործի ելքի հաշվառմամբ, կարող է կողմին կարգադրել ամբողջութամբ կամ մասամբ վճարել մյուս կողմի կատարած ողջամիտ ծախսերը, ներառյալ՝ իրավաբանական ներկայացուցչության և վկաների համար կատարվածները։