Ներածական դրույթներ
- Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
- Հոդված 2. Սահմանումներ
- Հոդված 3. Ծանուցումներ
- Հոդված 4. Ժամկետներ
- Հոդված 5. Ներկայացուցչություն
Արբիտրաժային վարույթի սկիզբը
- Հոդված 6. Արբիտրաժ իրականացնելու պահանջը
- Հոդված 7. Հայցադիմումի պատասխանը, հակընդդեմ հայցը և հայցի առարկան և հիմքը փոփոխելը
- Հոդված 8. Արբիտրաժային համաձայնության գործողությունը
- Հոդված 9. Արբիտրաժային համաձայնության վավերականությունը։ Իրավասությունը
Անձանց բազմաթվությունը և գործերի միացումը
- Հոդված 10. Լրացուցիչ կողմի մասնակցություն
- Հոդված 11. Գործերի միացում
Ապահովման միջոցներ
- Հոդված 12. Հայցի և ծախսերի ապահովման միջոցներ
Արբիտրաժային տրիբունալը
- Հոդված 13. Ընդհանուր դրույթներ արբիտրաժային տրիբունալի մասին
- Հոդված 14. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը
- Հոդված 15. Արբիտրի բացարկը
- Հոդված 16. Արբիտրի իրավասության դադարում
- Հոդված 17. Արբիտրաժային տրիբունալի փոփոխություն
Արբիտրաժային վարույթը
- Հոդված 18. Գործի փոխանցումը արբիտրաժային տրիբունալին
- Հոդված 19. Արբիտրաժի վայրը
- Հոդված 20. Վարույթի կանոնները
- Հոդված 21. Գործի քննության լեզուն
- Հոդված 22. Կիրառելի իրավունքը
- Հոդված 23. Արբիտրաժային գործի քննությունը
- Հոդված 24. Ապացույցներ
- Հոդված 25. Փորձաքննություն
- Հոդված 26. Տեղազննություն
- Հոդված 27. Լսումները
- Հոդված 28. Վկաներ
- Հոդված 29. Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետը
- Հոդված 30. Բացակայություն
- Հոդված 31. Վարույթի ավարտը
Արբիտրաժային տրիբունալի որոշումները
- Հոդված 32. Որոշման կայացում
- Հոդված 33. Վճռի ձևը և հանձնումը
- Հոդված 34. Վերջնական վճռի կայացման ժամկետը
- Հոդված 35. Վճռի գործողությունը
- Հոդված 36. Հաշտությունը և վարույթն ավարտելու այլ հիմքերը
- Հոդված 37. Վճռի ուղղումը և մեկնաբանումը. լրացուցիչ վճիռը
Ծախսերը
- Հոդված 38. Արբիտրաժային հաստատության վճարները
- Հոդված 39. Դեպոզիտ
- Հոդված 40. Արբիտրաժային ծախսերի բաշխումը
- Հոդված 41. Կողմի կատարած ծախսերի հատուցում
I. Ներածական դրույթներ
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
- «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային հաստատություն» հիմնարկը (այսուհետ` Արբիտրաժային հաստատություն) ինքնուրույն, մշտապես գործող, հիմնարկի կարգավիճակով ստեղծված արբիտրաժային հաստատություն է, որը գործում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին (այսուհետ՝ Օրենք) և սույն կանոնակարգին (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) համապատասխան:
- Արբիտրաժային հաստատությունը վեճեր չի լուծում: Նրա գործունեության նպատակները ներառում են, մասնավորապես`
- կազմակերպել և նպաստել արբիտրաժային տրիբունալների կողմից վեճերը Կանոնակարգին համապատասխան լուծելուն:
- տեղեկություն տրամադրել արբիտրաժի անցկացման և կիրառելի ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ:
- UNCITRAL-ի Արբիտրաժային կանոնակարգի համաձայն հանդես գալ որպես որևէ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմին (այսուհետ՝ Իրավասու մարմին)։
Հոդված 2. Սահմանումներ
1. Կանոնակարգում՝
արբիտրաժային տրիբունալը ներառում է մեկ կամ մի քանի արբիտրների,
Քարտուղարություն նշանակում է Արբիտրաժային հաստատության քարտուղարությունը,
հայցվոր նշանակում է մեկ կամ մի քանի հայցվորներ,
պատասխանող նշանակում է մեկ կամ մի քանի պատասխանողներ,
երրորդ անձ նշանակում է մեկ կամ մի քանի երրորդ անձ,
կողմ կամ կողմեր նշանակում է հայցվորը, պատասխանողը, լրացուցիչ ներգրավված կողմը,
համակարգչային ծրագիր նշանակում է պարզեցված վարույթով արբիտրաժային գործերի փաստաթղթաշրջանառությունն ապահովող և կողմերին գործերի ընթացքի մասին տեղեկատվության տրամադրումն ապահովող համակարգչային ծրագիր,
պահանջ կամ պահանջներ նշանակում է մի կողմից մյուսին ներկայացված որևէ պահանջ,
պարզեցված վարույթ նշանակում է սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց կողմից հայցադիմումի ներկայացման պահին 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող հայցագնով դրամական պահանջների և այդպիսի պահանջների հետ փոխկապակցված ոչ դրամական պահանջների հիման վրա իրականացվող արբիտրաժային վարույթը։ Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու նախորդ օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով,
էլեկտրոնային փոստի հասցե նշանակում է Արբիտրաժային հաստատության էլեկտրոնային փոստի հասցեն՝ info@arbitrage.am,
արբիտրաժային վճիռը ներառում է միջանկյալ կամ վերջնական արբիտրաժային վճիռը:
2. Կանոնակարգում չսահմանված հասկացությունները մեկնաբանելիս Արբիտրաժային հաստատությունը, Քարտուղարությունը և արբիտրաժային տրիբունալն իրավասու են կիրառել այն իմաստը, որը տրված է այդ հասկացություններին Հայաստանի Հանրապետության կամ այլ կիրառելի իրավունքում:
Հոդված 3. Ծանուցումներ և հաղորդակցություն
- Կողմի ուղարկած բոլոր փաստաթղթերը և այլ գրավոր հաղորդակցությունը, ինչպես նաև դրանց կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն օրինակների այնպիսի քանակով, որը բավարար կլինի յուրաքանչյուր կողմին, ինչպես նաև յուրաքանչյուր արբիտրին և Քարտուղարությանը մեկական օրինակ տրամադրելու համար։ Սույն կետի պահանջը չի գործում այն դեպքում, երբ կողմը փաստաթղթերը (այդ թվում՝ հայցադիմումը) և այլ հաղորդակցությունը ներկայացնում է էլեկտրոնային կրիչով, տեղադրում է Համակարգչային ծրագրում կամ ուղարկում է Էլեկտրոնային փոստի հասցեին։
- Գրավոր հաղորդակցությունն ուղարկվում է կողմի՝ արբիտրաժային համաձայնության մեջ կամ արբիտրաժային վերապահում նախատեսող պայմանագրում նշված հասցեով (այդ թվում՝ էլեկտրոնային), եթե կողմերի համաձայնությամբ արբիտրաժային վարույթի շրջանակներում հաղորդակցության իրականացման համար այլ հասցեներ չեն սահմանվել։
- Կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում գրավոր հաղորդակցությունը կատարվում է պատվիրված նամակով (փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձի միջոցով), սուրհանդակային կապով, առձեռն փոխանցմամբ, Համակարգչային ծրագրում տեղադրելով կամ էլեկտրոնային փոստով։
- Պարզեցված վարույթի գործերով հայցադիմումը Քարտուղարությանը հանձնված լինելու մասին առաջին ծանուցմամբ պատասխանողին է տրամադրվում նաև Համակարգչային ծրագիր մուտք գործելու, գործի նյութերին ծանոթանալու և փաստաթղթեր տեղադրելու հնարավորությունն ապահովող ծածկանուն և գաղտնաբառ։
- Հաղորդակցությունը, անկախ հասցեատիրոջ կողմից այն փաստացի ստանալու հանգամանքից, համարվում է հասցեատիրոջը հանձնված.- առձեռն հանձնման դեպքում՝ հանձնման օրը,
– պատվիրված նամակով կամ սուրհանդակային կապով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկվելու դեպքում՝ ուղարկելու օրվան հաջորդող 7-րդ օրը,
– Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում՝ ուղարկելու օրվանից մեկ ամիս անց, իսկ սուրհանդակային կապով ուղարկվելու դեպքում՝ ուղարկելու օրվան հաջորդող 14-րդ օրը,
– էլեկտրոնային փոստող ուղարկվելու դեպքում՝ ուղարկման օրը։
- Հասցեների փոփոխության դեպքում կողմերը պարտավոր են տրամադրել նոր հասցեն: Այս պարտավորության խախտման դեպքում հաղորդակցությունն ուղարկվում է կողմի՝ վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված` անկախ հասցեատիրոջ կողմից այն փաստացի ստանալու հանգամանքից։
- Փաստաթղթերը, ծանուցումները և այլ հաղորդակցությունը Քարտուղարության և կողմերի կողմից համարվում են ստացված նաև Համակարգչային ծրագրում դրանց տեղադրմանը հաջորդող աշխատանքային օրը, իսկ եթե մինչ այդ Քարտուղարությունը համապատասխան կողմերին դեռևս չի տրամադրել Համակարգչային ծրագիր մուտք գործելու, գործի նյութերին ծանոթանալու և փաստաթղթեր տեղադրելու հնարավորությունն ապահովող ծածկանուն և գաղտնաբառ, ապա ծածկանունը և գաղտնաբառը բոլոր կողմերին տրամադրելուն հաջորդող աշխատանքային օրը։
Հոդված 4. Ժամկետներ
- Արբիտրաժային հաստատության, Քարտուղարության, արբիտրաժային տրիբունալի կամ կողմերի կողմից որոշակի գործողություններ կատարելու ժամկետները սահմանվում են Օրենքով կամ Կանոնակարգով: Որոշակի գործողություններ կատարելու համար Օրենքով կամ Կանոնակարգով ժամկետ սահմանված չլինելու դեպքում ժամկետը սահմանում է Արբիտրաժային հաստատությունը, Քարտուղարությունը կամ արբիտրաժային տրիբունալը` ելնելով ողջամտության պահանջներից:
- Ժամկետներն սկսում են հաշվարկվել այն ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
- Ոչ աշխատանքային օրերը հաշվարկվում են ժամկետների մեջ: Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
- Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձին տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:
Հոդված 5. Ներկայացուցչություն
Յուրաքանչյուր կողմ կարող է ներկայացված լինել իր ընտրած անձի կողմից։ Այդ անձի անունը և հասցեն պետք է տրամադրվի բոլոր կողմերին և արբիտրաժային տրիբունալին։ Այն դեպքում, երբ անձը նշանակված է որպես ներկայացուցիչ, արբիտրաժային տրիբունալն իր նախաձեռնությամբ կամ կողմերից որևէ մեկի պահանջով կարող է այդ անձից արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված ձևով լիազորությունների տրամադրման ապացույց պահանջել։
II. Արբիտրաժային վարույթի սկիզբը
Հոդված 6. Արբիտրաժ իրականացնելու պահանջը
- Կողմը, որը ցանկանում է Կանոնակարգի հիման վրա արբիտրաժային վարույթ սկսել, պետք է հայցադիմում ներկայացնի Քարտուղարություն։ Քարտուղարությունը պարտավոր է պատասխանողին ծանուցել հայցադիմումի և դրա ստացման տարեթվի և ամսաթվի մասին։
- Արբիտրաժային վարույթը համարվում է սկսված` հայցադիմումը Քարտուղարությանը հանձնելու մասին ծանուցումը պատասխանողի կողմից ստանալու օրը։
- Հայցադիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը՝
- կողմերից յուրաքանչյուրի լրիվ անունը (անվանումը), հասցեները և այլ կոնտակտային տվյալները, այդ թվում՝ հայցվորի կամ նրա ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեն,
- հայցվորի ներկայացուցչի լրիվ անունը, հասցեն և այլ կոնտակտային տվյալները կամ դրանց նկարագրությունը,
- վեճի բնույթի և հանգամանքների նկարագրությունը, որից բխում է հայցը, և հայցի հիմնավորումը,
- ներկայացվող պահանջը, միաժամանակ հայցի չափի, իսկ հնարավորության դեպքում նաև՝ հայցագնի հաշվարկի նշումով,
- որևէ վերաբերելի համաձայնագիր և, մասնավորապես, արբիտրաժային համաձայնությունը,
- պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին պետք է կցվի նաև համապատասխան պայմանագրի նախագիծը,
- եթե հայցապահանջները ներկայացված են մեկից ավելի արբիտրաժային համաձայնության հիման վրա, ապա պետք է նշվի արբիտրաժային համաձայնությունը, որի հիման վրա ներկայացված է համապատասխան հայցապահանջը,
- Կանոնակարգի 14-րդ հոդվածի համաձայն՝ արբիտրների ընտրությանը, քանակին և նշանակմանը վերաբերող նկատառումները և առաջարկները, բացառությամբ, եթե գործը քննվում է պարզեցված վարույթի կարգով,
- արբիտրաժի իրականացման վայրի, կիրառելի կանոնակարգերի և արբիտրաժի լեզվի վերաբերյալ նկատառումները և առաջարկները՝ առկայության դեպքում,
- հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը։
- Հայցվորը կարող է հայցադիմումի հետ ուղարկել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում, կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։
- Պարզեցված վարույթի գործերով հայցադիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվում են Համակարգչային ծրագրում կամ ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեին։
- Այն դեպքում, երբ հայցվորը չի պահպանում վերը նշված պահանջներից որևէ մեկը, կամ փաստաթղթերը ներկայացնում է Կանոնակարգով սահմանվածից պակաս քանակով, Քարտուղարությունը կարող է սահմանել ժամկետ այդ թերությունների վերացման համար, որի խախտման դեպքում գործը կհամարվի ավարտված, ինչը, սակայն, չի սահմանափակի հայցվորի՝ հայցը հետագայում ներկայացնելու իրավունքը։
- Հայցադիմումը և կից փաստաթղթերն ահրաժեշտ քանակով, ինչպես նաև «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով սահմանված վճար(ներ)ն ստանալուց հետո Քարտուղարությունն այդ մասին ծանուցում է պատասխանողին՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար։
Հոդված 7. Հայցադիմումի պատասխանը, հակընդդեմ հայցը և հայցի առարկան և հիմքը փոփոխելը
- Քարտուղարությունից հայցադիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, իսկ պարզեցված վարույթի գործերով՝ 7-օրյա ժամկետում պատասխանողը պետք է ուղարկի պատասխան, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը՝
- իր լրիվ անունը (անվանումը), հասցեն և այլ կոնտակտային տվյալները, այդ թվում՝ ոչ պարզեցված վարույթի գործերով՝ իր կամ ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեն,
- պատասխանողին արբիտրաժում ներկայացնող անձի լրիվ անունը (անվանումը), հասցեն և այլ կոնտակտային տվյալները,
- հայցի հիմքերի վերաբերյալ իր փաստարկները,
- պահանջի վերաբերյալ իր պատասխանը,
- Կանոնակարգի 14-րդ հոդվածի համաձայն՝ արբիտրների ընտրությանը, քանակին և նշանակմանը վերաբերող նկատառումները և առաջարկները, բացառությամբ, եթե գործը քննվում է պարզեցված վարույթի կարգով,
- արբիտրաժի իրականացման վայրի, կիրառելի կանոնակարգերի և արբիտրաժի լեզվի վերաբերյալ նկատառումները և առաջարկները՝ առկայության դեպքում,
- կից փաստաթղթերի ցանկը։
- Պատասխանողը կարող է պատասխանի հետ ուղարկել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում, կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։
- Ոչ պարզեցված վարույթի գործերով Քարտուղարությունը կարող է պատասխանողին լրացուցիչ ժամկետ տրամադրել պատասխան ներկայացնելու համար՝ պայմանով, որ նման երկարաձգման համար պատասխանողի ներկայացրած դիմումը պարունակի արբիտրների քանակի, իսկ Կանոնակարգի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ արբիտրների ընտրության վերաբերյալ նկատառումներ կամ առաջարկներ։
- Քարտուղարությունը պետք է պատասխանը և կից փաստաթղթերը տրամադրի բոլոր կողմերին։
- Պատասխանողի կողմից ներկայացվող ցանկացած հակընդդեմ հայց պետք է ներկայացվի պատասխանի հետ միաժամանակ և պատասխանի ներկայացման համար սահմանված ժամկետում։
- Հակընդդեմ հայցադիմումը պետք է ներկայացվի հայցադիմումի ներկայացման համար Կանոնակարգով սահմանված կարգով: Հակընդդեմ հայցի նկատմամբ, եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, կիրառելի են հայցի նկատմամբ Կանոնակարգով սահմանված կանոնները։
- Հայցվորը պետք է Քարտուղարության կողմից տրամադրված հակընդդեմ հայցն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում, իսկ պարզեցված վարույթի գործերով՝ 7-օրյա ժամկետում ներկայացնի հակընդդեմ հայցի իր պատասխանը։
- Հակընդդեմ հայցադիմումի պատասխանը պետք է ներկայացվի պատասխանի ներկայացման համար Կանոնակարգով սահմանված կարգով:
- Հայցվորը կարող է փոփոխել հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից վարույթն ավարտված հայտարարելը:
- Կանոնակարգի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը։
- Կանոնակարգի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:
- Հայցվորի կողմից հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու դեպքում պատասխանողը պետք է այդ մասին իրազեկվելուց հետո 20-օրյա ժամկետում, իսկ պարզեցված վարույթի գործերով՝ 7-օրյա ժամկետում ներկայացնի փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը։
Հոդված 8. Արբիտրաժային համաձայնության գործողությունը
- Եթե կողմերը պայմանավորվել են, որ վեճը պետք է քննվի Կանոնակարգին համապատասխան, ապա համարվում է, որ նրանք ipso facto ընտրել են Կանոնակարգի` արբիտրաժային վարույթը սկսվելու պահին գործող խմբագրությունը, բացառությամբ այն դեպքի, երբ կողմերը հատուկ պայմանավորվել են կիրառել Կանոնակարգի` արբիտրաժային համաձայնության կնքման պահին գործող խմբագրությունը:
- Պայմանավորվելով, որ վեճը պետք է քննվի Կանոնակարգին համապատասխան՝ կողմերն ընդունում են, որ նման արբիտրաժային վարույթը պետք է կազմակերպվի Արբիտրաժային հաստատության կողմից, անգամ եթե արբիտրաժային համաձայնությունը հստակ չի սահմանում, որ վեճերի քննությունը հանձնվում է Արբիտրաժային հաստատությանը:
- Պայմանավորվելով, որ վեճի քննությունը պետք է կազմակերպվի Արբիտրաժային հաստատության կողմից՝ կողմերն ընդունում են, որ.
- նման վեճը պետք է քննվի Կանոնակարգին համապատասխան, անգամ եթե արբիտրաժային համաձայնությունը չի սահմանում, որ վեճերի քննությունը պետք է իրականացվի Կանոնակարգին համապատասխան,
- նման վեճը քննող արբիտրաժային տրիբունալը պետք է ձևավորվի բացառապես Արբիտրաժային հաստատության արբիտրների ցանկում ընդգրկված արբիտրներից,
- նման վեճը պետք է լուծվի Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն, եթե արբիտրաժային համաձայնությամբ վեճի լուծման նկատմամբ կիրառելի իրավունքը որոշված չէ:
- Այն դեպքերում, երբ Կանոնակարգին համապատասխան որևէ հարցի լուծում վերապահված է Արբիտրաժային հաստատությանը, ապա համարվում է, որ կողմերն իրենց անունից համապատասխան հարցի լուծումը լիազորել են Արբիտրաժային հաստատությանը, իսկ Արբիտրաժային հաստատության ընդունած որոշումը համարվում է նաև տվյալ հարցի վերաբերյալ կողմերի համաձայնություն:
Հոդված 9. Արբիտրաժային համաձայնության վավերականությունը։ Իրավասությունը
- Արբիտրաժային տրիբունալն իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել և որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը պայմանագրի բաղկացուցիչ մասն է, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագիրն անվավեր լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումն ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության:
- Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել ոչ ուշ, քան հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելը: Կողմի` արբիտր ընտրելու կամ արբիտրի ընտրությանը մասնակցելու հանգամանքը նրան չի զրկում այդպիսի հայտարարություն անելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը գերազանցելու վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի անմիջապես այն բանից հետո, երբ կողմի կարծիքով արբիտրաժի ընթացքում շոշափվում է այնպիսի հարց, որը դուրս է արբիտրաժային տրիբունալի իրավասության շրջանակից: Արբիտրաժային տրիբունալը ցանկացած դեպքում կարող է ընդունել ուշացված հայտարարությունը, եթե ուշացումը համարի հարգելի:
- Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության մասին առարկությունը չի կանխարգելում Արբիտրաժային հաստատության՝ գործը վարելու հնարավորությունը։
- Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի` արդյոք շարունակել և ինչ ծավալով շարունակել արբիտրաժային վարույթը։ Արբիտրաժային վարույթը պետք է շարունակվի, եթե արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ Կանոնակարգի համաձայն՝ արբիտրաժային համաձայնությունը գոյություն ունի։ Մասնավորապես՝
- այն դեպքում, երբ արբիտրաժի կողմերը երկուսից ավելի են, արբիտրաժային վարույթը պետք է իրականացվի այն կողմերի միջև, այդ թվում՝ Կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ գործին լրացուցիչ միացած ցանկացած կողմի միջև, որոնց վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ առկա է արբիտրաժային համաձայնություն, որը Կանոնակարգի համաձայն՝ պարտադիր է նրանց համար, և
- այն դեպքում, երբ հայցադիմումները ներկայացվել են մեկից ավելի արբիտրաժային համաձայնության հիման վրա, արբիտրաժային վարույթը պետք է շարունակվի այն հայցադիմումների մասով, որոնց վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ հետևյալ պահանջները բավարարված են՝
- արբիտրաժային համաձայնագրերը, որոնց հիման վրա հայցադիմումները ներկայացվել են, կարող են համատեղվել, և
- այդ հայցադիմումները կարող են մեկ արբիտրաժային վարույթի առարկա լինել։
- Այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալը որոշում է, որ արբիտրաժային վարույթը հայցադիմումներից որևէ մեկի մասով չի կարող շարունակվել, նման որոշումը չի կարող կանխել նույն հայցը հետագայում մեկ այլ վարույթում ներկայացնելը։
- Եթե կողմերից որևէ մեկը մերժում է կամ չի ապահովում իր մասնակցությունը արբիտրաժին կամ դրա որևէ մասին, ապա արբիտրաժը պետք է շարունակվի՝ չնայած նման մերժմանը կամ մասնակցությունը չապահովելուն։
III. Անձանց բազմաթվությունը և գործերի միացումը
Հոդված 10. Լրացուցիչ կողմի մասնակցություն
- Կողմի միջնորդությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է որոշում կայացնել արբիտրաժին լրացուցիչ կողմ ներգրավելու մասին՝ պայմանով, որ բոլոր կողմերը, այդ թվում նաև՝ լրացուցիչ կողմը, տվել են իրենց համաձայնությունը Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ձևով։ Ցանկացած նման որոշում պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի հանգամանքները, այդ թվում նաև՝ արբիտրաժային վարույթի փուլը։ Նման միջնորդությունը, կախված իրավիճակից, պետք է ներկայացվի հայցադիմումի կամ պատասխանի հետ միաժամանակ, իսկ եթե կողմին այդ հանգամանքը հայտնի է դառնում ավելի ուշ փուլում, ապա՝ հայտնի դառնալու օրվանից 15-օրյա ժամկետում, իսկ պարզեցված վարույթի գործերով` 7-օրյա ժամկետում։
- Լրացուցիչ կողմի ներգրավվման մասին միջնորդությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը՝
- հղում ընթացող արբիտրաժային վարույթին,
- յուրաքանչյուրի կողմի, այդ թվում՝ լրացուցիչ կողմի լրիվ անունը (անվանումը), հասցեները և այլ կոնտակտային տվյալները, և
- Կանոնակարգի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-7-րդ կետերով նախատեսված տեղեկությունը։
- Լրացուցիչ կողմ ներգրավելու միջնորդություն ներկայացրած կողմը կարող է դրա հետ ուղարկել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։
- Կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ մասը mutatis mutandis կիրառվում է նաև լրացուցիչ կողմի ներգրավման միջնորդության նկատմամբ։
- Լրացուցիչ կողմը պետք է պատասխան ներկայացնի՝ համաձայն, mutatis mutandis, Կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-4-րդ մասերի։ Լրացուցիչ կողմը կարող է ցանկացած այլ կողմի դեմ հայցադիմում ներկայացնել հաշվի առնելով Կանոնակարգի 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կարգավորումները։
Հոդված 11. Գործերի միացում
Այն դեպքում, երբ նոր սկսվող արբիտրաժի քննության առարկան էականորեն վերաբերում է Կանոնակարգի հիման վրա քննության ենթակա արբիտրաժային վարույթին, կամ մասնակցող կողմերը նույնն են, Արբիտրաժային հաստատությունը կարող է բոլոր շահագրգռված կողմերի և նշանակված արբիտրաժային տրիբունալի հետ խորհրդակցելուց հետո միացնել նոր սկսված արբիտրաժը քննության մեջ գտնվողին։ Նման միացումը պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի հանգամանքները, այդ թվում՝ փուլը, որում գտնվում է ընթացող արբիտրաժը։
IV. Ապահովման միջոցներ
Հոդված 12. Հայցի և ծախսերի ապահովման միջոցներ
- Կողմի միջնորդությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է ձեռնարկել ցանկացած ժամանակավոր միջոց կամ կայացնել այլ միջանկյալ որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում, այդ թվում՝ կիրառել արգելանք կամ վեճի առարկա հանդիսացող ապրանքների պահպանման միջոցներ, ինչպիսիք են դրանք երրորդ անձանց դեպոզիտ հանձնելը կամ շուտ փչացող ապրանքների վաճառքը։ Արբիտրաժային տրիբունալը կարող է նման միջոցների ձեռնարկումը պայմանավորել միջնորդություն ներկայացնողի կողմից պատշաճ հակընդդեմ ապահովման միջոցների տրամադրմամբ։
- Կողմի միջնորդությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է մյուս կողմից պահանջել տրամադրել հայցի կամ հակընդդեմ հայցի, ինչպես նաև Կանոնակարգի 41-րդ հոդվածով նախատեսված ծախսերի՝ արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ձևով ապահովում։
- Սույն հոդվածի հիման վրա ձեռնարկվող միջոցները և որոշումները կարող են ընդունվել միջանկյալ վճռի ձևով։
- Հայցի կամ հակընդդեմ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու կամ ապահովում տրամադրելու մասին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից ընդունված նման միջոցների կիրառման մասին դատարան ուղղված կողմի միջնորդությունները չեն կարող համարվել արբիտրաժային համաձայնության հետ անհամատեղելի կամ նման համաձայնությունից հրաժարում։
V. Արբիտրաժային տրիբունալը
Հոդված 13. Ընդհանուր դրույթներ արբիտրաժային տրիբունալի մասին
- Յուրաքանչյուր արբիտր պետք է պահպանի արբիտրաժին ներգրավված կողմից անկախությունն ու անկողմնակալությունը։
- Ապագա արբիտրը, բացառությամբ պարզեցված վարույթի գործերով, պետք է ստորագրի առաջարկի ընդունման, հասանելիության, անկողմնակալության և անկախության մասին հայտարարություն։ Ապագա արբիտրը պետք է Քարտուղարությանը գրավոր հայտնի այն բոլոր փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կողմերի տեսանկյունից կարող են կասկածի տակ դնել արբիտրի անկախությունը, ինչպես նաև ցանկացած հանգամանքի մասին, որը ողջամիտ կասկած կարող է առաջացնել արբիտրի անկողմնակալության վերաբերյալ։
- Քարտուղարությունն ապագա արբիտրից ստացված բոլոր հայտարարությունների մասին տեղեկացնում է կողմերին` սահմանելով դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ժամկետ։
- Արբիտրը պետք է անմիջապես գրավոր հայտնի Քարտուղարությանը և կողմերին արբիտրի անկողմնակալության և անկախության վերաբերյալ ցանկացած փաստի կամ հանգամանքի մասին, որոնք նշված են Կանոնակարգի սույն հոդվածի 2-րդ մասում, և որոնք առաջ են եկել արբիտրաժի ընթացքում։
- Արբիտրի նշանակման, հաստատման, բացարկի կամ փոխարինման մասին Արբիտրաժային հաստատության որոշումը վերջնական է, իսկ դրա պատճառաբանությունը չի տրամադրվում։
- Որպես արբիտր հանդես գալու առաջարկն ընդունելը համարվում է արբիտրի կողմից տրված համաձայնություն իր պարտականությունները Կանոնակարգին համապատասխան և «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով սահմանված հոնորարով կատարելու մասին։
Հոդված 14. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը
- Արբիտրների թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ և պետք է լինի կենտ: Այն դեպքում, երբ արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված է արբիտրաժային տրիբունալի ձևավորում զույգ կազմով, ապա արբիտրների թիվը պետք է մեկով ավելացվի: Այդ դեպքում ավելացվող արբիտրին նշանակում է Արբիտրաժային հաստատությունը:
- Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը կազմավորվում է երեք արբիտրից:
- Եթե արբիտրաժային տրիբունալը բաղկացած է մեկից ավելի արբիտրներից, ապա կողմերից յուրաքանչյուրն ընտրում է հավասար քանակի արբիտրներ: Նրանք կարող են նաև խնդրել, որ արբիտրին իրենց փոխարեն նշանակի Արբիտրաժային հաստատությունը:
- Եթե Կանոնակարգով սահմանված ժամկետում հայցվորը կամ պատասխանողը չեն ներկայացնում արբիտրի թեկնածություն, ապա վերջինների նշանակումը կատարում է Արբիտրաժային հաստատությունը՝ Արբիտրաժային հաստատության արբիտրների ցուցակից:
- Եթե գործին մասնակցում են երկու կամ ավելի հայցվորներ կամ պատասխանողներ, և գործը պետք է քննվի մեկից ավելի արբիտրների կողմից, ապա հայցվորները և պատասխանողները միասին ընտրում են հավասար թվով արբիտրներ: Եթե հայցվորները կամ պատասխանողները չեն համաձայնվում արբիտրների համատեղ ընտրության հարցում, ապա նրանց փոխարեն արբիտրին նշանակում է Արբիտրաժային հաստատությունը:
- Եթե արբիտրաժային տրիբունալը բաղկացած է մեկից ավելի արբիտրներից, ապա արբիտրաժային տրիբունալը նախագահողին ընտրում են ընտրված արբիտրները, իսկ եթե վերջիններս երկշաբաթյա ժամկետում չեն գալիս համաձայնության նախագահողի ընտրության հարցում, ապա նախագահողին նշանակում է Արբիտրաժային հաստատությունը:
- Եթե գործը վարում է միանձնյա արբիտրը, ապա վերջինիս կողմերն ընտրում են միասին: Նրանք կարող են նաև խնդրել Արբիտրաժային հաստատությանը իրենց փոխարեն նշանակելու միանձնյա արբիտրին: Միանձնյա արբիտրի ընտրության հարցում կողմերի միջև մեկամսյա ժամկետում համաձայնություն չկայացվելու դեպքում արբիտրների ցուցակից նրան նշանակում է Արբիտրաժային հաստատությունը:
- Պարզեցված վարույթի գործերը քննվում են միանձնյա արբիտրի կողմից, որը պատահականության սկզբունքով ընտրվում է արբիտրների ցուցակից Համակարգչային ծրագրի միջոցով։
- Արբիտրաժային տրիբունալը համարվում է ձևավորված այն պահից, երբ բոլոր արբիտրներն իրենց ընտրության, հայտարարությունների և դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումների հաշվառմամբ հաստատվում, իսկ Կանոնակարգով նախատեսված դեպքերում` նշանակվում են Արբիտրաժային հաստատության կողմից, իսկ պարզեցված վարույթի գործերով՝ ընտրվում են Համակարգչային ծրագրի միջոցով։
- Արբիտրաժային տրիբունալն իր ձևավորումից հետո երկշաբաթյա ժամկետում, իսկ պարզեցված վարույթի գործերով` եռօրյա ժամկետում, որոշում է ընդունում արբիտրաժային գործը վարույթ ընդունելու մասին: Եթե Կանոնակարգի 17-րդ հոդվածով սահմանված կարգով տեղի է ունենում արբիտրաժային տրիբունալի փոփոխություն, ապա արբիտրաժային գործը վարույթ ընդունելու մասին լրացուցիչ որոշում ընդունելը պարտադիր չէ:
Հոդված 15. Արբիտրի բացարկը
- Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի բացարկ հայտնելու արբիտրին, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են հարուցում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, մասնավորապես` եթե կարելի է ենթադրել, որ նրանք անձամբ ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են վարույթի ելքով:
- Բացարկի մասին կողմերի գրավոր դիմումները, որոնցում շարադրված են բացարկի հիմքերը, պետք է ներկայացվեն Քարտուղարություն, իսկ արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո՝ նաև արբիտրաժային տրիբունալին տասնհինգօրյա ժամկետում` սկսած այն պահից, երբ կողմն իմացել է բացարկի հիմքերի մասին: Սույն մասում նշված ժամկետից ուշ ներկայացված բացարկի մասին դիմումը ենթակա է քննարկման, եթե ժամկետի ուշացումը եղել է հարգելի պատճառով:
- Եթե արբիտրը, որին բացարկ է հայտնվել, մեկշաբաթյա ժամկետում ինքնաբացարկ չի հայտնում, կամ նույն ժամկետում մյուu կողմը (կողմերը) չի (չեն) համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը մեկշաբաթյա ժամկետում որոշում են արբիտրաժային տրիբունալի մյուս անդամները: Եթե նրանք համաձայնության չեն գալիս, կամ եթե բացարկը հայտնվել է միանձնյա արբիտրին, կամ եթե արբիտրաժային տրիբունալը դեռևս ձևավորված չէ, ապա բացարկի հարցը որոշում է Արբիտրաժային հաստատությունը:
- Արբիտրն իր հայեցողությամբ կարող է նաև ինքնաբացարկ հայտարարել:
Հոդված 16. Արբիտրի իրավասության դադարում
- Այն դեպքում, երբ արբիտրն իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթները առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են` ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելով, կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին:
- Այն դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, ապա արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել օրենքով սահմանված դատարան:
- Արբիտրի մահվան (ներառյալ` դատարանի վճռով մահացած ճանաչելու) կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում արբիտրի լիազորությունները դադարում են:
Հոդված 17. Արբիտրաժային տրիբունալի փոփոխություն
- Եթե արբիտրին ներկայացված բացարկի, ինքնաբացարկի հետևանքով կամ այլ պատճառներով նա չի կարող մասնակցել գործի վարույթին, ապա այդ մասին հայտնի դառնալուց հետո երկշաբաթյա ժամկետում փոխարինող արբիտրին ընտրում է փոխարինվող արբիտրին ընտրած կողմը, իսկ եթե նշված ժամկետում կողմը չի ընտրում փոխարինող արբիտրին, ապա փոխարինող արբիտրին նշանակում է Արբիտրաժային հաստատությունը։ Եթե փոխարինվող արբիտրը նշանակվել է Արբիտրաժային հաստատության կամ ընտրվել է մյուս արբիտրների կողմից, ապա համապատասխանաբար Արբիտրաժային հաստատությունը կամ մյուս արբիտրները երկշաբաթյա ժամկետում նշանակում կամ ընտրում են փոխարինող արբիտրին: Եթե մյուս արբիտրները երկշաբաթյա ժամկետում չեն գալիս համաձայնության փոխարինող արբիտրի ընտրության հարցում, ապա վերջինիս նշանակում է Արբիտրաժային հաստատությունը։ Եթե փոխարինվող արբիտրն ընտրվել է Համակարգչային ծրագրի միջոցով, ապա նույն եղանակով եռօրյա ժամկետում ընտրվում է փոխարինող արբիտրը: Ընտրված փոխարինող արբիտրը հաստատվում է Կանոնակարգի 13-14-րդ հոդվածներով սահմանված կանոններով:
- Անհրաժեշտության դեպքում կամ հաշվի առնելով կողմերի կարծիքները` փոփոխված արբիտրաժային տրիբունալը կարող է վերանայել արբիտրաժային վարույթի հետ կապված այն հարցերը, որոնք քննարկվել են նախկին բանավոր լսումների ժամանակ՝ մինչև փոխարինման կատարումը:
VI. Արբիտրաժային վարույթը
Հոդված 18. Գործի փոխանցումը արբիտրաժային տրիբունալին
Քարտուղարությունը պետք է գործը փոխանցի արբիտրաժային տրիբունալին դրա ձևավորումից անմիջապես հետո` պայմանով, որ Քարտուղարության կողմից պահանջված ծախսերի կանխավճարը կատարված է։
Հոդված 19. Արբիտրաժի վայրը
- Արբիտրաժային հաստատության գտնվելու և լսումներն անցկացնելու վայրը քաղաք Երևանն է։
- Կողմերի հետ խորհրդակցելուց հետո արբիտրաժային տրիբունալը կարող է լսումներ և հանդիպումներ անցկացնել ցանկացած վայրում, որը նպատակահարմար կհամարի, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան սահմանված չէ։
Հոդված 20. Վարույթի կանոնները
- Արբիտրաժային տրիբունալը վեճը քննում է Օրենքով և Կանոնակարգով սահմանված կարգով, իսկ դրանցով չկարգավորված հարցերը քննելիս արբիտրաժային տրիբունալը վարում է քննությունն այնպիսի եղանակով, որը նա գտնում է նպատակահարմար՝ պահպանելով հավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ և հնարավորություն տալով կողմերից յուրաքանչյուրին հավասարապես պաշտպանելու իր շահերը:
- Կանոնակարգով Արբիտրաժային հաստատությանը վերապահված գործառույթները, համաձայն Արբիտրաժային հաստատության կանոնադրության՝ Արբիտրաժային հաստատության անունից իրականացնում է Արբիտրաժային հաստատության նախագահը:
Հոդված 21. Գործի քննության լեզուն
- Գործի քննությունն իրականացվում է հայերենով:
- Կողմերի համաձայնության առկայության դեպքում արբիտրաժային տրիբունալը գործը քննում է նաև օտար լեզվով` պայմանով սակայն, եթե բոլոր արբիտրները տիրապետում են արբիտրաժային համաձայնությամբ ընտրված լեզվին, կամ կողմերն ապահովում են թարգմանությունը:
- Արբիտրաժային տրիբունալը կարող է ընդունել և հետազոտել գործի քննության լեզվից տարբերվող լեզվով կազմված ապացույցներ, եթե բոլոր արբիտրները տիրապետում են տվյալ լեզվին, և եթե կողմերից որևէ մեկը դրան չի առարկում։
Հոդված 22. Կիրառելի իրավունքը
- Արբիտրաժային տրիբունալը վեճերը քննում է կողմերի համաձայնությամբ ընտրված նյութական իրավունքի նորմերի կիրառմամբ, իսկ եթե կողմերը կիրառման ենթակա իրավունքը չեն ընտրել, ապա՝ Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի կիրառմամբ:
- Արբիտրաժային տրիբունալը պետք է հաշվի առնի կողմերի միջև գոյություն ունեցող պայմանագրի դրույթները, ինչպես նաև ցանկացած վերաբերելի գործարար շրջանառության սովորույթ։
- Կողմերի համաձայնության դեպքում, անկախ կիրառելի իրավունքից, արբիտրաժային տրիբունալը վեճերը քննում է` ղեկավարվելով արդարության ընդհանուր սկզբունքներով, սակայն, ամեն դեպքում, չհակասելով Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:
Հոդված 23. Արբիտրաժային գործի քննությունը
- Հաշվի առնելով վեճի բարդությունը և պահանջի չափը՝ արբիտրաժային տրիբունալը և կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր ջանքերը գործի քննությունը արագ և արդյունավետ ձևով իրականացնելու համար։
- Գործի արդյունավետ վարման համար արբիտրաժային տրիբունալը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո, կարող է ձեռնարկել այնպիսի ընթացակարգային միջոցներ, որոնք նպատակահարմար կհամարի, պայմանով, որ դա չի հակասի կողմերի որևէ համաձայնությանը։
- Բոլոր դեպքերում, արբիտրաժային տրիբունալը պետք է գործի արդար և անկողմնակալ և կողմի համար ապահովի իր գործը ներկայացնելու ողջամիտ հնարավորություն։
- Կողմերը պարտավորվում են կատարել արբիտրաժային տրիբունալի որոշումները։
Հոդված 24. Ապացույցներ
- Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի ապացույցների թույլատրելիությունը, վերաբերելիությունը, արժանահավատությունը, էական լինելը և կշիռը։
- Արբիտրաժի ընթացքում արբիտրաժային տրիբունալը կարող է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ պահանջել կողմից տրամադրել փաստաթղթեր կամ այլ ապացույցներ, որոնք անհրաժեշտ է համարում, ինչպես նաև կողմից պահանջել կողմին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետին զննում, ուսումնասիրություն կամ փորձաքննություն իրականացնելու նպատակով հնարավորություն ընձեռել մուտք գործելու ցանկացած գույքի տարածք, որը գտնվում է նրա տիրապետման կամ կառավարման ներքո, ինչպես նաև այդ տարածքում ծանոթանալու մյուս կողմի կամ փորձագետի կարծիքով գործին առնչվող փաստաթղթերի և այլ նյութերի։
Հոդված 25. Փորձաքննություն
- Լսումների իրականացումից ողջամտորեն առաջ կողմը կարող է արբիտրաժային տրիբունալին և մյուս կողմին հայտնել իրականացված որոշակի փորձաքննության մասին, որը մտադրված է հիմք ընդունել։ Այդ ծանուցմամբ պետք է ներկայացվեն փորձաքննության իրականցման նպատակը, հակիրճ նկարագրությունը, կիրառված մեթոդը, արդյունքները և եզրակացությունը։ Կողմը կարող է միջնորդել արբիտրաժային տրիբունալին, որ բոլոր նման փորաձքննությունները, եթե դա գործնականում հնարավոր է, կրկնվեն նրա ներկայությամբ։ Եթե արբիտրաժային տրիբունալը նման միջնորդությունը հիմնավոր է համարում, ապա նա պետք է սահմանի ժամանակացույց, որի ընթացքում փորձաքննությունները պետք է կրկնվեն։
- Սույն կետի իմաստով «փոձաքննությունը» ներառում է նաև փորձարկումները կամ հավաստման այլ գործընթացները։
Հոդված 26. Տեղազննություն
Արբիտրաժային տրիբունալը կարող է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ զննել կամ պահանջել զննել որևէ տարածք, գույք, սարքավորում, կառույց, արտադրական հոսքագիծ, նմուշ, արտադրանք կամ գործին առնչվող այլ ապացույց, որը նպատակահարմար է համարում։ Արբիտրաժային տրիբունալը, նման միջնորդությունը բավարարելու դեպքում, պետք է սահմանի զննման ժամանակացույցը և անհրաժեշտ միջոցառումները։
Հոդված 27. Լսումները
- Կողմերից որևէ մեկի պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է լսումներ անցկացնել Կողմերի բանավոր փաստարկները լսելու, վկաների, փորձագետի հարցաքննության կամ այլ անհրաժեշտությամբ պայմանավորված։ Եթե լսումներ չեն անցկացվում, ապա վարույթը պետք է իրականացվի ներկայացված փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա։
- Լսումներ անցկացնելու դեպքում արբիտրաժային տրիբունալը պետք է բավարար ժամանակ առաջ կողմերին ծանուցի լսումների ժամանակի և վայրի մասին։
- Եթե կողմերն այլ համաձայնություն չեն կայացրել, բոլոր լսումներում պետք է պահպանվի գաղտնիությունը։
- Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի, թե արդյոք լսումները պետք է արձանագրվեն, եթե այո, ապա՝ ինչ ձևով։
- Պարզեցված վարույթի գործերով լսումներ չեն անցկացվում, իսկ այդ գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով՝ ներկայացված փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա, եթե արբիտրաժային տրիբունալի որոշմամբ այլ բան սահմանված չէ։
Հոդված 28. Վկաներ
- Լսումներից առաջ արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերից պահանջել ներկայացնել այն վկաներին անհատականացնող տեղեկությունը, որոնց նրանք պատրաստվում են գործով կանչել։
- Արբիտրաժային տրիբունալը վերաբերելի չլինելու կամ քննության սահմանների անցման հիմքով իր հայեցողությամբ կարող է սահմանափակել կամ մերժել վկաների ներգրավումը։
- Կողմերից յուրաքանչյուրն արբիտրաժային տրիբունալի վերահսկողության ներքո կարող է հարցաքննել բանավոր ցուցմունք տվող ցանկացած վկայի։ Արբիտրաժային տրիբունալը կարող է հարցեր տալ վկաների հարցաքննության ցանկացած փուլում։
- Կողմերի նախընտրությամբ կամ արբիտրաժային տրիբունալի որոշմամբ վկայի ցուցմունքը կարող է ներկայացվել ստորագրված գրավոր ցուցմունքի, երդմամբ տրված ցուցմունքի կամ այլ կերպ, որի դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է ցուցմունքը թույլատրելի համարել պայմանով, որ այդ վկան հասանելի կլինի բանավոր ցուցմունք տալու համար։
- Վկային կանչելու հետ կապված նրա հասանելի լինելու, գործնական միջոցներ ձեռնարկելու կամ ծախսեր կրելու պարտականություններն ընկնում է նրան կանչող կողմի վրա։
- Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի, թե արդյոք վկան պետք է հեռանա գործի քննության որոշակի փուլում, մասնավորապես՝ այլ վկաների հարցաքննության ժամանակ։
Հոդված 29. Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետը
- Արբիտրաժային տրիբունալը կարող է լսումների ընթացքում կողմերի հետ խորհրդակցելուց հետո նշանակել մեկ կամ ավելի անկախ փորձագետի կամ կազմակերպության՝ արբիտրաժային տրիբունալի կողմից նշված հատուկ հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար։ Փորձագետին (այդ թվում՝ նշանակված կազմակերպության աշխատակից հանդիսացող) ուղղվող հարցերի շրջանակը, որը կազմվում է կողմերի նկատառումները հաշվի առնելով՝ արբիտրաժային տրիբունալը տրամադրում է կողմերին։ Ցանկացած նման փորձագետ պետք է ստորագրի գաղտնիության պահպանման մասին հայտարարություն։
- Արբիտրաժային տրիբունալը, ստանալով փորձագիտական եզրակացությունը, այն պետք է տրամադրի կողմերին, որոնք պետք է հնարավորություն ունենան հայտնելու եզրակացության վերաբերյալ իրենց կարծիքը։ Կողմը կարող է ուսումնասիրել ցանկացած փաստաթուղթ, որը հիմք է հանդիսացել եզրակացությունը կազմելու համար։
- Կողմի միջնորդությամբ կողմերը պետք է հնարավորություն ունենան հարցաքննելու փորձագետին լսումների ընթացքում։ Այդ լսումներում կողմերը կարող են ներգրավել փորձագետ վկաների, որոնք կարող են ցուցմունք տալ խնդրահարույց հարցերի վերաբերյալ։
- Խնդրահարույց հարցերի կապակցությամբ փորձագիտական եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից՝ հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, եթե կողմերը չեն համաձայնվել, որ փորձագիտական եզրակացությունը որոշիչ է ցանկացած հատուկ խնդրի համար։
Հոդված 30. Բացակայություն
- Արբիտրաժային տրիբունալը շարունակում է գործի քննությունը և վճիռ կայացնում, եթե կողմը՝ առանց հարգելի պատճառի, չի օգտվում արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ժամկետում իր գործը ներկայացնելու հնարավորությունից։
- Եթե կողմն առանց հարգելի պատճառի չի պահպանում Կանոնակարգի որևէ կարգավորում կամ պահանջ կամ արբիտրաժային տրիբունալի որևէ պահանջ, ապա արբիտրաժային տրիբունալը կարող է եզրակացություններ անել այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։
Հոդված 31. Վարույթի ավարտը
- Եթե անցկացվում են լսումներ, ապա արբիտրաժային տրիբունալը պետք է վարույթն ավարտված հայտարարի, երբ գտնում է, որ կողմերն ունեցել են պատշաճ հնարավորություն ներկայացնելու իրենց դիրքորոշումը և ապացույցները։
- Բացառիկ դեպքերում, երբ արբիտրաժային տրիբունալն անհրաժեշտ է համարում՝ մինչև վճռի կայացումը, արբիտրաժային տրիբունալն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է վերսկսել վարույթը, որը հայտարարվել էր ավարտված։
VII. Արբիտրաժային տրիբունալի որոշումները
Հոդված 32. Որոշման կայացում
Եթե կողմերն այլ բան չեն սահմանել իրենց համաձայնությամբ, ապա այն դեպքում, երբ արբիտրները մեկից ավելի են, արբիտրաժային տրիբունալի ցանկացած վճիռ, կարգադրություն կամ այլ որոշում պետք է կայացվի մեծամասնության կողմից։ Մեծամասնության բացակայության դեպքում, նախագահող արբիտրը պետք է կայացնի վճիռը, կարգադրությունը կամ այլ որոշումը՝ այնպես, ինչպես կգործեր միանձնյա արբիտրը։
Հոդված 33. Վճռի ձևը և հանձնումը
- Արբիտրաժային տրիբունալը կարող է տարբեր հարցերով կամ ժամանակահատվածներում կայացնել առանձին վճիռներ։
- Վճիռը պետք է կազմված լինի գրավոր՝ կայացման ժամանակի և արբիտրաժի վայրի նշումով։
- Վճիռը պետք է պարունակի դրա կայացման պատճառաբանությունը, եթե կողմերը չեն համաձայնվել, որ պատճառաբանություն չպետք է ներկայացվի։
- Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի, պարզեցված վարույթի գործերով կայացվող վճիռը դրա կայացման պատճառաբանության փոխարեն կարող է պարունակել նշում հայցվորի փաստարկները արբիտրաժային տրիբունալի պատճառաբանություն համարելու վերաբերյալ։
- Պարզեցված վարույթի գործերով կայացվող վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի դրա կայացման պատճառաբանությունը, եթե՝
- գործի քննության ընթացքում հայցի դեմ ներկայացվել է առարկություն.
- հայցը բավարարվել է մասնակի.
- հայցը մերժվել է:
- Վճիռը պետք է ստորագրված լինի արբիտրի կամ արբիտրների կողմից։ Արբիտրների մեծամասնության ստորագրությունը, իսկ Կանոնակարգի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ նախագահող արբիտրի ստորագրությունը, բավարար է։ Եթե արբիտրը հրաժարվում է ստորագրել վճիռը, վճիռը կարող է նշում պարունակել ստորագրելուց հրաժարվելու պատճառների մասին։
- Արբիտրաժային տրիբունալը պետք է վճիռն ուղարկի Քարտուղարություն բնօրինակների առնվազն այն քանակով, որը բավարար կլինի յուրաքանչյուր կողմին և Արբիտրաժային հաստատությանը մեկակական օրինակ տրամադրելու համար։ Պարզեցված վարույթի գործերով վճռի հրապարակումն ու դրա մասին կողմերին ծանուցելն իրականացվում է վճռի էլեկտրոնային տարբերակը Համակարգչային ծրագրում տեղադրելու միջոցով։ Պարզեցված վարույթի գործով Քարտուղարությունը կողմի դիմումով նրան տրամադրում է վճռի թղթային բնօրինակը։
- Կողմի միջնորդությամբ համապատասխան վճարի դիմաց Քարտուղարությունը պետք է տրամադրի վճռի՝ իր կողմից վավերացված պատճենը։ Նման ձևով վավերացված պատճենը պետք է համարվի Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մասին (Նյու Յորք, 10-ը հունիսի, 1958թ.) կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետին համապատասխանող։
- Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև Կանոնակարգի 36-րդ հոդվածի համաձայն վարույթն ավարտելու մասին որոշման նկատմամբ։
Հոդված 34. Վերջնական վճռի կայացման ժամկետը
- Երբ դա ողջամտորեն հնարավոր է, արբիտրաժը պետք է իրականացվի և վճիռ կայացվի պատասխանն ուղարկելու կամ արբիտրաժային տրիբունալը ձևավորելու՝ նշվածներից ամենաուշը տեղի ունենալու օրվանից հետո ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում, իսկ գրավոր ընթացակարգով իրականացված պարզեցված վարույթի գործերով՝ մեկ ամսվա ընթացքում։
- Եթե վերջնական վճիռը չի կայացվել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում, ապա արբիտրաժային տրիբունալը պետք է Քարտուղարություն ուղարկի ուշացման պատճառների մասին գրավոր բացատրություն՝ պատճենն ուղարկելով կողմերին։ Հետագա բացատրությունները պետք է Քարտուղարություն ուղարկվեն, իսկ պատճենը՝ կողմերին, հաջորդ յուրաքանչյուր մեկ ամսվա ավարտից հետո մինչև վերջնական վճռի կայացումը։
Հոդված 35. Վճռի գործողությունը
- Համաձայնվելով Կանոնակարգով արբիտրաժ իրականացնելուն՝ կողմերը պարտավորվում են առանց հապաղման կատարել վճիռը և հրաժարվել որևէ ձևով ներկայացնել վերաքննության բողոք՝ այնքանով, որքանով նման հրաժարումը վավեր է կիրառելի իրավունքի համաձայն։
- Վճիռը մտնում է ուժի մեջ և պարտադիր է կողմերի համար ընդունման պահից։
Հոդված 36. Հաշտությունը և վարույթն ավարտելու այլ հիմքերը
- Այն ժամանակ, երբ արբիտրաժային տրիբունալը նպատակահարմար է համարում, նա կարող է կողմերին առաջարկել վեճն ավարտել հաշտությամբ։
- Եթե մինչև վճռի կայացումը կողմերը գալիս են համաձայնության վեճը լուծել հաշտությամբ, արբիտրաժային տրիբունալը պետք է ավարտի վարույթը և, եթե կողմերը միասին պահանջեն, հաշտությունն ամրագրել վճռով։ Այս դեպքում Արբիտրաժային հաստատությունը պարտավոր չէ ներկայացնել վճռի պատճառաբանությունը։
- Եթե մինչև վճռի կայացումը որևէ պատճառով, որը նշված չէ սույն հոդվածի 2-րդ մասում, արբիտրաժային վարույթը դառնում է ոչ անհրաժեշտ կամ անհնարին, արբիտրաժային տրիբունալը պետք է կողմերին հայտնի վարույթն ավարտելու իր մտադրության մասին։ Այդ դեպքում արբիտրաժային տրիբունալը պետք է վարույթն ավարտելու մասին որոշում կայացնի, եթե կողմը արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանած ժամկետում հիմնավոր առարկություն չի ներկայացրել։
Հոդված 37. Վճռի ուղղումը և մեկնաբանումը. լրացուցիչ վճիռը
- Վճիռը ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, եթե կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ չի սահմանվել`
- կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով ուղղել վճռում տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները կամ նմանաբնույթ այլ սխալներ.
- կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով պարզաբանել վճռի որևէ առանձին կետ կամ մաս.
- արբիտրաժային տրիբունալը կողմի դիմումը հիմնավոր գտնելու դեպքում պարտավոր է այն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կատարել համապատասխան ուղղումները կամ տալ պարզաբանում: Այդ ուղղումները կամ պարզաբանումը դառնում են վճռի բաղկացուցիչ մասը:
- Արբիտրաժային տրիբունալը վճռի կայացման օրվանից հետո` 60-օրյա ժամկետում, կարող է իր նախաձեռնությամբ ուղղել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված սխալները:
- Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա կողմը, մյուս կողմին տեղյակ պահելով, կարող է վճիռը ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով կայացնել լրացուցիչ վճիռ արբիտրաժային վարույթի ժամանակ ներկայացված, սակայն վճռում չարտացոլված պահանջների մասով: Արբիտրաժային տրիբունալը դիմումը հիմնավոր գտնելու դեպքում պարտավոր է այն ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, կայացնել լրացուցիչ վճիռ:
- Անհրաժեշտության դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված սխալների ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման ժամկետները:
VIII. Ծախսերը
Հոդված 38. Արբիտրաժային հաստատության վճարները
- Հայցադիմումը կամ հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել Քարտուղարություն չվերադարձվող գործավարության վճարը կատարելու պայմանով։ Գործավարության վճարի չափը սահմանված է «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով, որը կիրառելի է Քարտուղարության կողմից համապատասխանաբար հայցադիմումը կամ հակընդդեմ հայցն ստանալու օրվա դրությամբ։
- Պարզեցված վարույթի գործերով հայցադիմումը կամ հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել Քարտուղարություն արբիտրաժային վճարը կատարելու պայմանով։ Արբիտրաժային վճարի չափը սահմանված է «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով, որը կիրառելի է Քարտուղարության կողմից համապատասխանաբար հայցադիմումը կամ հակընդդեմ հայցն ստանալու օրվա դրությամբ։ Պարզեցված վարույթի գործերով գործավարության վճար չի վճարվում։
- Քարտուղարությունը հայցադիմումի կամ հակընդդեմ հայցի հիման վրա որևէ գործողություն չի կատարի, քանի դեռ գործավարության, իսկ պարզեցված վարույթի գործերով՝ արբիտրաժային վճարը կատարված չէ։
- Հայցի առարկան փոփոխելու դեպքում, եթե դրա արդյունքում ավելանում է վճարման ենթակա արբիտրաժային վճարի չափը, ապա նման փոփոխությունը չի համարվի կատարված, քանի դեռ վճարված չէ արբիտրաժային վճարի չբավականացնող մասը։ Արբիտրաժային տրիբունալը պետք է ժամանակին տեղեկացնի Քարտուղարությանը հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ դիմումի ներկայացման մասին։
- Եթե հայցի առարկան փոփոխվել է այնպես, որ առաջացել է արբիտրաժային վճարի ավել վճարված մաս, ապա ավել վճարված մասը ենթակա չէ վերադարձման:
Հոդված 39. Դեպոզիտ
- Ոչ պարզեցված վարույթի գործերով արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո Քարտուղարության ծանուցումը ստանալուց հետո հայցվորը և պատասխանողը պետք է հավասար չափով դեպոզիտ վճարեն Կանոնակարգի 40-րդ հոդվածով նախատեսված ծախսերի համար կանխավճարը։ Դեպոզիտի չափը պետք է սահմանի Քարտուղարությունը։
- Արբիտրաժի ընթացքում Քարտուղարությունը կարող է պահանջել ավելացնել դեպոզիտը։
- Եթե պահանջվող դեպոզիտն ամբողջությամբ չի վճարվում ծանուցումն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում, Քարտուղարությունը պետք է այդ մասին տեղեկացնի կողմերին, որպեսզի նրանցից որևէ մեկը կատարի վճարումը։ Այն դեպքում, երբ Քարտուղարության ծանուցումն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում պահանջվող դեպոզիտը չի վճարվում՝ ենթադրվում է, որ համապատասխան հայցը կամ հակընդդեմ հայցը հետ է վերցված։
- Այն դեպքում, երբ հակընդդեմ հայցի չափն էապես գերազանցում է հայցի չափը կամ ենթադրում է էապես տարբերվող հարցի քննություն, կամ երբ հանգամանքներից ելնելով դա նպատակահարմար է, Քարտուղարությունն իր հայեցողությամբ կարող է հայցի և հակընդդեմ հայցի համար երկու առանձին դեպոզիտներ պահանջել։ Այդ դեպքում դեպոզիտներն ամբողջությամբ պետք է վճարվեն համապատասխանաբար հայցվորի և պատասխանողի կողմից։
- Վճռի կայացումից հետո Քարտուղարությունը վճռին համապատասխան ներկայացնում է դեպոզիտ ստացված վճարների հաշվետվությունը և կողմերին է վերադարձնում այն, ինչը չի ծախսվել կամ կողմերից պահանջում է վճարել այն, ինչը նրանք պարտավոր են վճարել։
Հոդված 40. Արբիտրաժային ծախսերի բաշխումը
- Վճռում արբիտրաժային տրիբունալը պետք է անդրադառնա արբիտրաժային ծախսերին, որոնք կազմված են՝
- գործավարության և արբիտրաժային վճարներից, որոնց չափը սահմանված է «Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին» հավելվածով, որը կիրառելի է Քարտուղարության կողմից համապատասխանաբար հայցադիմումը կամ հակընդդեմ հայցն ստանալու օրվա դրությամբ,
- ըստ անհրաժետության կատարված գործուղման, հաղորդակցության և արբիտրների այլ ծախսերից,
- Կանոնակարգին համապատասխան արբիտրաժային տրիբունալի պահաջով փորձագետների և նման այլ աջակցության ծախսերից, և
- վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսերից, ինչպիսիք են հանդիպումների, լսումների կազմակերպման և այլ ծախսերը։
- Վերը նշված ծախսերը պետք է, ըստ հնարավորության, կատարվեն Կանոնակարգի 39-րդ հոդվածի հիման վրա պահանջված դեպոզիտից։
- Արբիտրաժային տրիբունալը, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջև ձեռքբերված համաձայնությամբ, կողմերի միջև արբիտրաժային ծախսերը և գործավարության վճարը բաշխում է արբիտրաժի բոլոր հանգամանքների և գործի ելքի հաշվառմամբ։
Հոդված 41. Կողմի կատարած ծախսերի հատուցում
Արբիտրաժային տրիբունալը, չհակասելով կողմերի ձեռքբերված որևէ համաձայնությանը և արբիտրաժի բոլոր հանգամանքների ու գործի ելքի հաշվառմամբ, վճռով կարող է կողմից հօգուտ մյուս կողմի բռնագանձել մյուս կողմի կատարած ծախսերը, ներառյալ՝ իրավաբանական ներկայացուցչության և վկաների համար կատարվածները։